«Հայաստանում տարեցտարի ավելանում է հաշմանդամություն ունեցող անձանց թիվը: Դրա հետ մեկտեղ՝ ավելանում է նրանց հետ կապված չլուծված խնդիրների թիվը: Այսօր հաշմանդամ անձը չի կարող ինքնուրույն շարժվել քաղաքում: Որքա՞ն է հաճելի , երբ մարդը ինքնուրույն չի կարող շրջել իր քաղաքում»: Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, ասաց «Էխո» հաշմանդամների հարցերով զբաղվող հ/կ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:
Սերյոժա Օհանջանյանի խոսքով` Հայաստանում բուհական համակարգը ընդհանրապես հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար. «Եվ ուսումնական մատչելիությունը, եւ ֆիզիկական մատչելիությունը շատ չնչին տոկոս են կազմում»:
Նրա խոսքով` երբ երեխան ներառական կրթությունից հետո ավարտում է դպրոցը, բուհում սովորելը նրա համար դառնում է անհնար. «Եթե նա ունի չնչին հաշմանդամության խնդիրներ, ապա նա կարող է սովորել, իսկ լուրջ խնդիրների դեպքում` չի կարող ընդհանրապես սովորել բուհում` ոչ բավարար պայմանների պատճառով»:
Սերյոժա Օհանջանյանն ասում է, որ մի քանի համալսարաններ կան, որոնց միայն առաջին հարկն է հարմարեցված հաշմանդամների համար, սակայն չկա համապատասխան տեխնիկա, պայմաններ: Հաշմանդամություն ունեցողների հետ նաեւ շփման խնդիրներ են առաջանում. «Անգամ դասախոսական կազմը չգիտի տարրական էթիկայի կանոնները` ինչպես շփվել հաշմանդամություն ունեցողների հետ եւ փորձել բացատրել»:
Կարդացեք նաև
Բուհերում միայն առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներն են սովորում անվճար համակարգում. «Սակայն ո՞ւմ համար է այդ անվճար համակարգը, եթե չկա մատչելիություն»:
Հաշմանդամություն ունեցող անձինք նաեւ դժվարությամբ են աշխատանք գտնում. «Մեծ տոկոս է կազմում հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկությունը»:
Սերյոժա Օհանջանյանի խոսքով` 30 տարեկան անձինք անբավարար պայմանների պատճառով չունեն կրթություն եւ, հետեւաբար, չունեն աշխատանք. «Հաշմանդամների միայն 7 տոկոսն է աշխատում»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ