«Երեւան քաղաքում շինությունները եւ փողոցները ընդհանրապես հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այն պատկան մարմինները եւ կառույցները, որոնք պետք է զբաղվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, ընդհանրապես չեն աշխատում»: Այս տեսակետն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով` թեքահարթակները եթե անգամ կառուցվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար, միեւնույն է, կրում են ձեւական բնույթ. «Քաղաքաշինության նորմերով` թեքահարթակը 12 -15 աստիճան թեքվածություն պետք է ունենա, մինչդեռ մեր քաղաքում թեքության աստիճանը հասնում է մինչեւ 35 աստիճանի, որը սայլակ բարձրացնելու համար շատ է դժվարացնում աշխատանքը»:
Բանախոսի պնդմամբ` գետնանցումներում եւ տրանսպորտում ընդհանրապես ոչ մի հարմարություն չկա հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Միայն մի քանի բրենդային խանութների մոտ եմ նկատել, որ թեքահարթակները համապատասխանում են քաղաքաշինության նորմերին»:
«Էխո» հաշմանդամների հարցերով զբաղվող հ/կ նախագահ Սերյոժա Օհանջանյանն էլ ասուլիսի ընթացքում նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը հարմարեցման ծրագիր է իրականացնում Երեւանի փողոցներում, սակայն կրկին վերջնական չի իրականացնում. «Մի փողոցում անում է, մյուսում`ոչ: Ստացվում է, որ ես փողոցով գնալիս պետք է մեքենաների հետ հավասար գնամ»:
Սերյոժա Օհանջանյանի խոսքով` այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց համար, հարմար է բոլորի համար:
Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանի հետ երկար տարիներ են աշխատում . «Ուզում են աշխատանք անել, բայց լավ վերահսկողություն չկա: Հատկացվում են գումարներ թեքահարթակներ կառուցելու համար, սակայն վերահսկողություն չկա, թե ուր է գնում այդ գումարը: Աշխատում են ոչ թե որակի, այլ քանակի վրա»:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ