«Կանեփ-կակաչ-2014» գործողության շրջանակներում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Տավուշի բաժնի ծառայողների համատեղ գործողության արդյունքում օգոստոսի 11-ին իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1980թ. ծնված Ա. Մ.-ն: Նախկինում չդատված, ոչ մի տեղ չաշխատող Ա. Մ.-ի մեքենայի զննության ժամանակ հետեւի աջ ոտնատեղի ռետինե ծածկոցի վրայից հայտնաբերվել է կանեփանման բույսի ցողուն՝ 4 գրամ քաշով: Ա. Մ.-ի անձնական զննությամբ նրա կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի 4 փամփուշտ, իսկ ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Մ.-ն խոստովանել է, որ հետագայում օգտագործելու նպատակով կանեփանման բույսի թփերից պոկել է որոշակի զանգված եւ ավտոմեքենայի պատուհանից նետել դուրս: Նրա նշած վայրում հայտնաբերվել է 9 հատ, մոտ 800 գրամ կշռով, դեղին պոլիէթիլինային տոպրակի մեջ՝ 190 գրամ եւ սպիտակ անձեռոցիկի մեջ փաթաթված, 20 գրամ կշռով կանեփանման կանաչ զանգված:
Փամփուշտները եւ կանեփանման զանգվածն ուղարկվել են փորձաքննության: Ըստ փորձագետի եզրակացության՝68 գրամ ընդհանուր քաշով բուսական զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ 300 գրամ ընդհանուր քաշով բուսական զանգվածը՝ կանեփ տեսակի թմրամիջոց: Ըստ փորձագետի եզրակացության՝ հայտնաբերված փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք: Այս քրեական գործով քննությունը շարունակվում է:
Ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկացանք, որ բացի իրավակարգի պաշտպանության ամենօրյա աշխատանքներից, բաժնի աշխատակիցները սահմանապահ զինծառայողների հետ համագործակցելով՝ իրականացնում են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանունակության եւ հասարակական անվտանգության ամրապնդման միջոցառումներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգարժան լրագրող ինձ մոտ միշտ զարմանք է առաջացրել այն իրողությունը, որ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիների մոտ բավականին հաճախ են առանց զենքի մի քանի փամփուշտ հայտնաբերում, ընդ որում տարբեր տրամաչափերի: Իմ կարծիքով նշված քաղաքացու մոտ հայտնաբերված փամփուշտները, եթե իհարկե հենց նրա մոտ են հայտնաբերվել, խոսքս առաջին հերթին 5,6 մմ տրամաչաձի մասին է, կարող են հասարակությանն առավել վտանգ սպառնալ, քան ասենք հայտնաբերված կանեփի տերևները, սակայն չգիտես ինչու ոստիկաններին չի էլ հետաքրքրել, թե այդ փամփուշտները որտեղից է նա ձեռք բերել, ինչ նպատակով և ամենակարևորը զենք ունի թե ոչ /եթե Ոստիկանությունը լրագրողին տեղեկատվություն է տրամադրում, ապա պարտավոր է այս ամենը հաշվի առնել/: Մեկ նկատառում ևս, փորձագետը չի նշում, թե հայտնաբերված մարիխուանա և կանեփ տեսակի թմրամիջոցների համար կանեփի որ տեսակներն են հումք հանդիսացել կամ կարող էին արդյոք քաղաքացու մոտ հայտաբերվածը այդպիսիք հանդիսանալ: Հավանաբար Դուք Ձեր լրագրողական պրակտիկայում բազմաթիվ անգամ ականատես եք եղել ոստիկանների կողմից դաշտերում աճող վայրի տեսակի կանեփի ոչնչացմանը, այսպես կոչվախ կանեփ-կակաչ միջոցառման շրջանակներում, որը սակայն բոլորը գիտեն, որ իր մեջ թմրանյութ չի պարունակում: Ամփոփելով միտքս նշեմ, որ ոստիկանության համակարգն իրոք շատ լուջ և հասարակության համար կարևոր գործառույթներ է իրականացնում, սակայն վաղուց ժամանակն է կանեփ-կակաչ միջոցառմանը և քաղաքացիների ու նրանց տրանսպորտային միջոցների զննությանը լրջություն հաղորդել:
Հարգարժան Գարեգին, սույն գործով քննությունն ընթացքի մեջ է: Քաղաքացու մեղքը կամ անմեղությունն ապացուցվում է դատարանի վճռով: Նա իրավունք ունի իր իրավունքները պաշտպանելու համար օգտվել օրենքով թույլատրված բոլոր միջոցներից, այդ թվում՝ ունենալ փաստաբան: Սպասենք եւ տեսնենք, թե այս գործով հետագայում դատարանն ինչ վճիռ կարձակի:
Իմ միտքն ամենևին էլ քաղաքացու պաշտպանվելուն չեր վերաբերվում, ոչ էլ Ձեր գրածին, այլ այն արատավոր ձևերին ու մեթոդներին, որոնցով տարիներ շարունակ առաջնորդվում է իրավահամակարգը: Մեկանաբանությանս արձագանքելու համար շնորհակալ եմ: