2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ապարանի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը՝ Արսեն Պետրոսյանն այն անձն է, ով վնասազերծել է Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ օրս ոչ ԼՂՀ ՊԲ-ն, եւ ոչ էլ ՀՀ ՊՆ-ն կապիտան Արսեն Պետրոսյանին որեւէ կերպ չեն պարգեւատրել այն բանի համար, որ վերջինս վտանգելով սեփական կյանքը դիվերսիոն խմբի անդամներից մեկին վնասազերծել էր հենց Քարվաճառում։
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Պետրոսյանի եղբոր՝ Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվել։
– Պարոն Պետրոսյան, Ձեր եղբայրն այն մարդն է, ով կարողացել է Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խմբի անդամներից մեկին «բռնել»։ Խնդրում եմ նշեք, թե ինչպե՞ս է Ձեր եղբորը հաջողվել դիվերսանտի ճանապարհին դուրս գալ ու բարեհաջող կանխել նրա հետագա քայլերը։
– Այո, զինաթափելու գործը հենց իմ եղբայրն է արել։ Կարողացել է դիվերսանտին այն վիճակին հասցնել՝ հանդարտեցնել, որ վերջում նրան հնարավոր է եղել բռնել։ Իմ եղբայրը շատ փոքրամարմին է, բայց կարողացել է իր ջանքերի շնորհիվ այնպես անել, որ դիվերսանտը չկրակի ու կանխել է այդ ամենը։ Իրեն զանգել տեղեկացրել են, որ Քարվաճառում թուրք կա ու ինքն այդ ժամանակ քաղաքի մեջ է եղել՝ քաղաքացիական համազգեստով։ Եղբայրս միանգամից գնացել է, որպեսզի կանխի այն, ինչ պետք է լիներ։ Նա իջել ու տեսել է, որ թուրքի ձեռքին զենք կա, թուրքն էլ զենքը պահել է նրանց վրա, թե՝ ձեզ կխփեմ, հետո էլ ասել է, թե՝ գնացեք հեռու, ես ինձ եմ խփում։ Եղբայրս այդ ամենը տեսնելուց հետո սկսել է հանգստացնել թուրքին, խոսեցնել, բացատրել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է լինելու։ Զրուցելով այն վիճակին է հասցրել, որ կարողանան նրան կենդանի բռնել ու այնպես անել, որ թուրքը որեւէ մեկին չկարողանա զենքով խփել։
Կարդացեք նաև
– Իսկ Ձեր եղբայրը պարզե՞լ է, թե ինչպես կարող էր ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել Քարվաճառ։
– Լեռնաանտառային տարածք է ու հազար ձեւ կա, որպեսզի նրանք կարողանան ներթափանցել տարածք։ Դիրքը շատ բարձր է, ու հաճախ է այնտեղ մառախուղ լինում, չի բացառվում նաեւ, որ իրենք Հայաստանի սահմանը ինչ-որ մի ձեւով անցած լինեն։ Բայց ես, անկախ իմ քաղաքական հայացքներից, մի բան եմ ցանկանում նշել. այսօր հսկողությունը ուժեղ է, իսկապես լուրջ հսկողություն է տարվում սահմաններում։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի