Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նունե Եսայանի ուսումնական կենտրոնը կգործի սեպտեմբերի կեսից. «Հրապարակ»

Օգոստոս 22,2014 11:11

Մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունը որոշեց Երեւանի Տիգրան Մեծ 26ա հասցեում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի երրորդ հարկը՝ 487.5 քմ տարածքով, անհատույց, 10 տարի ժամկետով տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նրա կողմից ներկայացված ծրագրի իրականացման համար։ Կազմակերպությունը նպատակ ուներ հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեին հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի եւ համակարգչային դասընթացների անվճար խմբակներ։

Հետաքրքիր է, որ այս որոշման նախագիծը՝ թե մինչեւ հաստատումը եւ թե հաստատումից հետո, բացառությամբ լրատվամիջոցների անդրադարձների, անաղմուկ անցավ։ Անգամ դպրոցի տնօրինությունը, որին պետք էր այդ տարածքը, չընդդիմացավ, որովհետեւ որոշման նախագիծը ստացել էր կառավարության համաձայնությունը։

Ուսումնական կենտրոնը պետք է գործեր դեռ անցած տարվա հոկտեմբերից, թե ինչ ընթացքի մեջ է արդեն մեկ տարի կառավարության կողմից հաստատված ծրագիրը, փորձեցինք պարզել՝ այցելելով թիվ 53 դպրոց, որտեղ, ինչպես եւ մեկ տարի առաջ, տնօրեն Մարիամ Սարգսյանը խուսափում էր որեւէ բան ասել, տնօրենի միակ պատճառաբանությունն այն էր, որ մամուլի ներկայացուցչի հետ խոսելու համար պետք է նախ ստանա քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության թույլտվությունը, մյուս բոլոր հարցերում տնօրենն անդրդվելի էր եւ պատասխանում էր, որ ինքն ընդամենը 3 տարի է, ինչ դպրոցի տնօրեն է, իսկ ուսումնական կենտրոն հիմնելու այդ նախագծի հայտը դեռ իրենից առաջ է ներկայացվել։

Քանի որ դպրոցի միայն մի մասնաշենքի դուռն էր բաց, հնարավորություն չեղավ բարձրանալ եւ տեսնել, թե ինչ ընթացքի մեջ է ուսումնական կենտրոնը։ Դպրոցի պահակ Ռազմիկ պապին, ի տարբերություն տնօրենի, խոսելու համար չպահանջեց քաղաքապետարանից թույլտվություն եւ պատմեց, որ ուսումնական կենտրոնը դեռ չի գործում, իսկ կենտրոնի դուռը դպրոցի դռնից առանձին է, որտեղ հիմա մարդ չկա, քանի որ շինարարություն է, ուսումնական կենտրոնն էլ գործելու է սեպտեմբերի 15-ից։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031