Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԽՈՐԵՆԸ

Օգոստոս 22,2014 10:13

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասներեքերորդ

ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԽՈՐԵՆԸ

Մենք եկեղեցիներից դուրս հավատավորներին ու հավատացյալներին արհամարհական կամ, լավագույն դեպքերում, խղճահարությամբ ենք նայում, մինչդեռ եկեղեցիներում ու վանքապատկան տարածքներում նույնիսկ նախանձով ենք նայում նրանց, ընդ որում՝ միանգամայն բարի նախանձով, եթե, իհարկե, բնության ու իրականության մեջ էդ բարի նախանձ կոչվածը գոյություն ունի, եւ եթե բնության ու իրականության մեջ իսկապես բարի նախանձ գոյություն ունի, սա հենց էդ դեպքերից մեկն է, եւ, ինչպես միշտ, էս դեպքում էլ մենք նախանձում ենք նրանց, ում խիղճը մերինից անհամեմատ հանգիստ է, անկախ նրանից՝ մեր նախանձի առարկան հարո՞ւստ է, թե՝ աղքատ, բայց սովորաբար ու հիմնականում անհավատներս հարուստներին ենք նախանձում, ու էս դեպքն էլ առանձնապես բացառություն չի՝ էն տարբերությամբ, որ էս դեպքում ոչ թե նյութապես ու ֆինանսապես հարուստներին ենք նախանձում, այլ՝ հոգեպես ու հոգով հարուստներին, որովհետեւ, ի տարբերություն նյութապես հարուստների, հոգով հարուստ հավատավորի խիղճը մշտապես հանգիստ է, եւ հոգին՝ խաղաղ, եւ սրանց հոգիների խաղաղության եւ խղճի հանգստության մասին մշտապես սրանց աչքերն են բարբառում՝ մաքուր ու վճիտ նրանց հայացքները, որ մշտապես Աստծուն են փնտրում եւ մշտապես գտնում են Բարձրյալին, որովհետեւ, ի տարբերություն անհավատներիս, հավատացյալները Բարձրյալին փնտրում են այնտեղ, որտեղ Բարձրյալը մշտապես ներկա ու առկա է, եւ չնայած Բարձրյալը գրեթե ամենուր է ներկա ու առկա, այդուհանդերձ, անհավատներս հաջողացնում ենք թափանցել այն տեղերն ու վայրերը, ուր Բարձրյալը երբեւէ ներկա չի լինում, եւ շատ հաճախ անհավատներիս թվում է թե՝ էդ անաստված տեղերում էլ է Աստված ներկա, եւ չնայած անհավատներս էդ անաստված տեղերում էլ ենք Աստծուն փնտրում, էդ ամենեւին չի նշանակում թե՝ անհավատներիս համար Աստված ամենուր է, այլ ընդամենը նշանակում է, որ երբեմն անհավատներս Աստծո կարիքն ավելի ենք զգում, քան նույնիսկ՝ ճշմարիտ հավատացյալները, որովհետեւ ճշմարիտ հավատացյալների հոգուց ու մտքից Աստված երբեւէ չի բացակայում, եւ ճշմարիտներն ամենուր ու մշտապես միահյուսված են Աստծուն, եւ մանավանդ ու հատկապես եկեղեցիներում ու վանքապատկան տարածքներում են միահյուսված, եւ էնքան ներդաշնակ ու վերջնական են միահյուսված, որ շատ ժամանակ իրենց ու Աստծո միահյուսված լինելը չեն էլ զգում, ու երեւի էդ է պատճառը, որ ամեն Աստծո օր շտապում են եկեղեցիներ ու եկեղեցապատկան տարածքներ՝ իրենց միակ ու մինուճար Աստծո հետ ավելի ու ավելի միավորվելու, եւ նույնիսկ Հավատացյալ Խորենը՝ ով մշտապես Աստծուց անբաժան էր եւ մշտապես Աստծուն իր մեջ էր կրում, օրվա մեջ առնվազն մի անգամ մտնում էր սբ. Զորավոր ու սբ. Աստվածածին, եւ չնայած Հավատացյալ Խորենն ամեն օր եկեղեցի գնալը պարտադիր պայման չէր համարում, օրվա մեջ առնվազն մի անգամ գնում էր, եւ երբ իրեն հարցնում էի՝ ինչո՞ւ է ամեն օր եկեղեցի գնում, ինքը զարմացած ինձ հարցնում էր՝ «եկեղեցի չգնամ՝ բա ո՞ւր գնամ» եւ մի քիչ մտածելուց հետո ժպտալով հարցնում էր՝ «ավելի լավ տեղ գիտե՞ս», եւ ես չգիտեի ինչ ասեի ու ոչինչ չէի ասում, եւ որ հիմա վերստին փորձում եմ Հավատացյալին հիշել, հիշում եմ, որ իր հետ զրուցելիս հազվադեպ էի խոսում, եւ հիմնականում ինքն էր խոսում, ու ես կլանված լսում էի, եւ ինքը, փաստորեն, մենախոսում էր, եւ իր ասածներից ինչ որ հիշում եմ՝ նախորդ հատորներիս մեջ համարյա բոլորը գրել եմ, ու հիմա ենթադրում եմ, որ իր ասածներից ահագին բաներ մոռացել եմ, ընդ որում՝ կարեւորագույն բաներ, բայց էլի շատ լավ հիշում եմ, որ Հավատացյալը հիմնականում Ավետարանից էր մեջբերումներ անում, եւ երբ Ավետարանից էր մեջբերումներ անում, եւ երբ Ավետարանում գրվածը Հավատացյալ Խորենի բերանով էր արտաբերվում, հավատս մեկից բազմապատկվում էր, որովհետեւ էն բաները, որ Ավետարանից կարդում ու լավ չէի հասկանում, Հավատացյալ Խորենի մենախոսության դեպքերում միանգամայն հստակ ու հասկանալի էր, եւ Ավետարանի բազմիմաստ առակներն էլ էին Հավատացյալի մենախոսությունների ու մեկնությունների շնորհիվ իմ առաջ բացվում, եւ չնայած Հավատացյալ Խորենն էլ էր գտնում, որ Ավետարանի առակներն իրենց մեջ բազմաթիվ շերտեր են պարունակում, այդուհանդերձ, ինքն էդ բազմաթիվ շերտերից փնտրում, գտնում ու առանձնացնում էր կարեւորագույնն ու առաջնայինը, ու էդ ողջ ջանասիրությունը հավատացյալ Խորենի համար միանգամայն ստեղծագործական աշխատանք էր, եւ Հավատացյալն իր էդ ստեղծագործական աշխատանքով հատկապես Ղարաբաղյան շարժման օրերին էր ոգեւորված, որովհետեւ ինքը համոզված էր, որ Հայաստանի անկախությունն ու վերածնուդն առաջին հերթին հավատքի վերածնունդ է լինելու ու հանդիսանալու, եւ Ղարաբաղի հաղթանակն էլ էր հավատքի վերածնունդ ու հավատքի հաղթանակ համարում, եւ սկզբում ինքն անվերապահորեն էր նորահայտ կապիտալիզմի գովքն անում եւ անձամբ էլ էր շուկայական հարաբերությունների մեջ մտած. Ռուբլյովի սրբապատկերների կրկնօրինակներն էր սարքում ու Վերնիսաժում վաճառում, եւ սկզբում շատ լավ առնում էին, եւ երբ Վերնիսաժում իրեն տեսնում էի, ամոթխած ժպտալով ինձ ասում էր՝ «էս իկոնաներս որ էս տեմպով վաճառվեն, շուտով ես էլ մեծահարուստ կդառնամ» եւ մի քիչ մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «սարսափելի ա», եւ ես զարմացած հարցնում էի՝ «ի՞նչն ա սարսափելի», եւ Խորենն ամոթխած ժպտալով ինձ ասում էր՝ «ավելի շուտ ուղտն ասեղի ծակով կանցնի, քան՝ հարուստը կմտնի երկնքի արքայություն», եւ ես ժպտալով հարցնում էի՝ «էդքան շատ ե՞ս ուզում երկնքի արքայություն մտնես», եւ Հավատացյալը մի քիչ մտածում ու մեղավոր ժպտալով ասում էր՝ «ուզում եմ մեր Աստծո արժանավոր զավակը լինեմ», եւ ես իրեն ասում էի՝ «դու միշտ էլ մեր Աստծո արժանավոր զավակն ես էղել», եւ Հավատացյալը մի քիչ մտածում ու ասում էր՝ «ուզում եմ էդպես էլ մնամ», եւ ես իրեն հանգստացնելով ասում էի՝ «էդ իմաստով քեզ ոչ մի վտանգ չի սպառնում»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031