Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր կմտնեմ «աշխարհ»

Օգոստոս 22,2014 14:22

Համոզված է երիտասարդ արվեստագետ Գեւորգ Զուռնաչյանը

Բազմաշնորհ մարդիկ բոլոր ժամանակներում, առավել եւս՝ մեր օրերում, առաջին հայացքից չերեւացող դժվարությունների առջեւ են կանգնում, մանավանդ որ՝ ժամանակակից աշխարհը համարվում է նեղ մասնագիտացումների դարաշրջան: Հազվագյուտ են այն մարդիկ, որոնք տարբեր ոլորտներում մասնագիտական պատրաստվածություն են անցնում եւ ստանում համապատասխան հավաստում: «Առավոտի» զրուցակիցը՝ գեղանկարիչ, դիզայներ, խեցեգործ, գրաֆիկ, լուսանկարիչ Գեւորգ Զուռնաչյանը, հենց այդ «բազմամասնագետն» է, որը յուրաքանչյուր մասնագիտության գծով ստացել է համապատասխան դիպլոմ:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ բազմապրոֆիլ մասնագետի հասցեին սովորաբար ասվում է, որ նա տարբեր մասնագիտությունների տիրապետում է ոչ լիարժեք, մեր զրուցակիցը ժպտալով ասաց. «Նման բան կա, բայց իմ մասին չէ»: Արվեստագետի նախընտրած ուղղությունը գեղանկարչության ոլորտում իմպրեսիոնիզմն է, լուսանկարչականում՝ ռեպորտաժն ու դիմանկարը, խեցեգործության բնագավառում՝ ավանդականը, իսկ գրաֆիկայում՝ գրքայինը, մասնակցել է ցուցահանդեսների, դասավանդում է «Երանգ Արտ» ստուդիայում: Մեր զրուցակիցն այս պահին աշխատում է թումանյանական հեքիաթների գրքի դիզայնի վրա: Նա նշեց, թե ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների մասնակցելն իրեն հիասթափեցրել է: Նրա համոզմամբ, մշակութային միջոցառումների կազմակերպիչներն ուղղակի իրենց հարցերն են լուծում, կանգնում են վարչապետի կամ այլ պաշտոնյայի կողքին, լուսանկարվում նրանց հետ, երեւում լրատվական ծրագրերում եւ վերջ:

Արվեստագետն ասաց, որ ընդամենը մեկ անգամ՝ երեք տարի առաջ, Երեւանում ունեցել է անհատական «ելույթ», որտեղ սեփական աշխատանքների ցուցադրությունից բացի, ներկայացել է նաեւ իբրեւ երգահան-կատարող: Խոստովանեց, թե երաժշտության բնագավառում ունի ընդամենը սկզբնական մասնագիտական կրթություն, ինչը, ամենայն հավանականությամբ, «կվերաճի» բարձրագույնի: Միակ անհատական ցուցահանդեսն էլ իրականացրել է շվեյցարական KASA մշակութային կազմակերպության երեւանյան գրասենյակը:

Հարցին՝ իր հասակակիցների օրինակով ձգտում չունի՞ Արեւմուտքում արվեստը ցուցադրելու կամ որոշ ժամանակ այնտեղ բնակվելու, Գեւորգ Զուռնաչյանը հայտնեց, թե 27 տարեկան է ու երբեւէ Հայաստանի սահմաններից դուրս չի եկել, այն դեպքում, երբ հարազատների 80 տոկոսը բնակվում է ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Հետո էլ նշեց. «Հայրս՝ նկարիչ, քանդակագործ Լյովա Զուռնաչյանը, որն ավարտել է Մոսկվայի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան, ընդամենը վերջերս է վերադարձել տուն: Պարզ է, որ նա ժամանակավոր բնակատեղի ընտրել էր Մոսկվան, որպեսզի այստեղ ընտանիքն ապահով լինի ու անհոգ: Ի վերջո, ուսումն էլ մեզ մոտ անվճար չէ, այն էլ իմ դեպքում, որ մի քանի մասնագիտություն ընտրեցի: Մշտապես կամ ժամանակավոր արտերկրում բնակվելու ու ստեղծագործելու մասին չեմ էլ մտածել: Գուցե միամիտ հնչի, բայց իմ պետության տերը ես եմ: Ի դեպ, այս վերնագրով դպրոցական տարիներին հանրապետության դպրոցներում անցկացված շարադրությունների մրցույթում գրածս աշխատանքն աղմուկ առաջացրեց, որտեղ նկարագրել էի, թե ամեն առավոտ պատշգամբից դուրս նայելիս տեսնում եմ նույն պատկերը՝ նույն աղբամանից կերակրվող շանն ու մարդուն… Հասկանալի պատճառով ոչ մի մրցանակի չարժանացա: Թե ինչու երկրից դուրս չեմ գալիս, դա էլ ունի իր բացատրությունը. շատերը կատակով ինձ ասում են, թե երկիրդ այնքան լավն է, որ չես ուզում գնալ, կամ այնքան վատն է, որ մեկնելու գումար չունես… Ցավոք, այդ լավ կամ վատ լինելն այսօր չափվում է վաստակած գումարով…»: Արվեստագետը խոստովանեց, որ երբեւէ չի ընդունել երեւանյան Վերնիսաժում ներկայացվող արվեստը, բայց արդեն 4 ամիս այնտեղ է եւ փոխվել է իր պատկերացումը: Հպարտորեն էլ շեշտեց, որ կանգնում է իր դասախոսի կողքին, արդեն 4 նկար է վաճառել: «Դրանք տարբեր նատյուրմորտներ էին: Ընդ որում՝ գնեցին օտարերկրացիները: Առաջին նկարիս գնորդը ֆրանսիացի ամուսիններ էին, որոնք Փարիզում գեղանկարչություն էին դասավանդում: Ճիշտն ասած, այս առիթով ինձ շա՜տ լավ զգացի»,- ասաց Գեւորգ Զուռնաչյանը: Հավելեց, որ իբրեւ լուսանկարիչ գումար է վաստակում՝ մասնակցելով կորպորատիվ տարբեր միջոցառումների:
Երիտասարդ արվեստագետը հույս ունի, որ մոտ է այն օրը, երբ ինքն էլ կմեկնի «աշխարհ», գոնե տարբեր արվեստների հաղորդակից լինելու, ու եթե բախտը բերի՝ իրենը ցուցադրելու:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031