Հայաստանում համացանցի լայն տարածվելուց հետո, սոցկայքերում երաժշտական ու գիտական ուղղվածություններին, հայտնի մարդկանց նվիրված «լայք էջերից» բացի, իրար ետեւից սկսեցին ձեռագործ՝ հենդմեյդ իրերի էջեր բացվել, որտեղ հիմնականում երիտասարդները ներկայացնում են իրենց ձեռքով պատրաստած զարդերը, գոտիներն ու պայուսակները, կամ տունը հարդարելու գեղեցիկ իրեր: Ամբողջ աշխարհում ձեռագործ իրերը նորաձեւության անբաժանելի մասն են դարձել, քանի որ ոճային առումով չեն կրկնվում՝ օգնելով մարդկանց լինել յուրօրինակ ու տարբերվող:
Տասնիննամյա Սիլվա Շահվերդյանը նույնպես ձեռագործ աշխատանքով է զբաղվում՝ դրանցում հաճախ օգտագործելով փայտ, կաշի, քարեր: Աղջկա ձեռքերի շնորհիվ փայտն ու կաշին դառնում են զարդեր ու դեկորատիվ իրեր՝ տան համար: «Առավոտը» որոշեց պարզել՝ ինչպես է ստացվել, որ ապագա նկարչուհին սկսեց նաեւ կիրառական արվեստով զբաղվել:
-Սիլվա, իմ ու մեր սերնդակիցներից շատերի մոտ չի ստացվում նույնիսկ երկու թել իրար կապել, քեզ մոտ ինչպե՞ս է ստացվում քարերից ու կաշվից զարդեր ստանալ, ե՞րբ նկատեցիր այդ տաղանդը:
-Դեռ մանկուց տարբեր իրերից ինչ-որ նոր բան ստանալու հանդեպ սեր ունեի, փակվում էի մի անկյունում ու ձեռագործ իրեր պատրաստում՝ լիներ վզնոց, թեւնոց կամ գործված հագուստ: Տարեցտարի ավելի էի կատարելագործվում, ավելի հմուտ էի դառնում, միտքս էլ ավելի էր զարգանում՝ ինձ՝ ձեռագործ իրերի նոր լուծումներ հուշելով: Մի օր նկատեցի, որ հասցրել եմ ձեռագործ իրերի մեծ «պաշար» հավաքել: Որոշեցի շատերի նման ես էլ Ֆեյսբուքում էջ բացել, ցուցադրել ու վաճառել դրանք: Ինչպես շատերի մոտ, էջը նախ տարածում գտավ ընկերական շրջանում. մտերիմներս շատ էին ոգեւորում, գովեստի խոսքեր էի լսում, դա էլ ինձ ուժ էր տալիս առաջ գնալու ու ավելի ակտիվ ձեռագործ իրերի ստեղծմամբ զբաղվելու: Այնուհետեւ էջի հավանումների թիվն աճեց, քանի որ մեզ միացան նաեւ անծանոթները: Այժմ էջը բավականին ճանաչված ու սիրված է: Հենդմեյդն իմ հոբբին է, ինձ հանգստացնող լավագույն միջոցը:
– Շատերն են սոցկայքերն օգտագործում որպես գովազդային հարթակ: Ինչքանո՞վ է, օրինակ, Ֆեյսբուքն արդարացնում իրեն, հենդմեյդ իրերը գովազդելու լա՞վ միջոց է:
– Էջը բացելուց հետո պարզվեց, որ այն իրոք շատ լավ գովազդային հարթակ է, եւ որպես այդպիսին՝ շատ լավ արդարացնում է իրեն: Անկեղծ ասած, ես էլ չէի սպասում, բայց սոցկայքում նման էջերը շատ արագ են տարածվում: Ի զարմանս ինձ, հայերը վստահում ու օգտվում են նման էջերից, ձեռագործ իրերն այժմ նորաձեւ են:
– Ամբողջ աշխարհում տարածված են ձեռքով պատրաստված իրերը, դրանք «ալտերնատիվ» տարբերակ են զարդասերների համար: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ մեզ մոտ այդ մշակույթը այսքան ուշ հայտնվեց: Դեռ երեք-չորս տարի առաջ «հենդմեյդ» գաղափարն այսքան տարածված չէր:
– «Հենդմեյդ» ասվածն իր մեջ մեծ ռիսկ է պարունակում: Առաջին հերթին ձեռագործ իրերով զբաղվողները պետք է ուժ գտնեն իրենց մեջ՝ ցուցադրելու իրենց գաղափարները: Ըստ իս, մեզ մոտ հենց այդ՝ ձայնը, գաղափարը բարձրաձայնելու խնդիրը կա: Բացի ամաչկոտությունից, նման էջերին ժամանակ է հարկավոր, որպեսզի հավանումների հետ միասին վստահություն էլ «հավաքեն» ու արդեն իսկ կարողանան վաճառել զարդերը:
– Քո զարդերը «վայրի» են. նախընտրում ես «անմշակ» հումք: Ինչպե՞ս են ծնվում նոր մտահղացումները:
– Շատերն ասում են, որ իմ գործերում բնությունն է ապրում: Եվ իրոք, բնությունն ինձ շատ է ոգեշնչում: Նոր զարդերի մտահղացումներն ու լուծումները վայրկենական են գալիս: Հաճախ չեմ էլ մտածում, ուղղակի սկսում եմ աշխատել ու ընթացքում ինչ-որ նոր զարդ է ստացվում: Կարեւոր է, որ տվյալ իրը նախ սիրվի իմ, հետո էլ աշխատանքներս հավանողների, հաճախորդներիս կողմից:
-Ես գիտեմ, որ շուտով նոր տեսականի ես ունենալու:
-Այո, նոր տեսականին արդեն ճանապարհին է, մեկ-երկու գործ հասցրել եմ նույնիսկ ցուցադրել: Այս հավաքածուում ավելի նկատելի են ոճային վայրի տարրերը, որոնք ինչ-որ չափով նաեւ «հիփփի» ոճին կպատկանեն: Շուտով հավաքածուն պատրաստ կլինի: Հուսամ՝ այս մեկը նույնպես կսիրվի շատերի կողմից:
Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.08.2014