Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ գալուստը բարի չի լինում

Օգոստոս 22,2014 14:50

Պետության ամրությունը Գալուստ Սահակյանի «ամրության» հետ ի՞նչ կապ ունի

Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է բյուջեի միջոցներով ԱԺ նախագահի համար թանկարժեք ավտոմեքենա գնվել, ասել է. «Դա պետության ամրության համար է, որեւէ անձի համար չէ: Վաղը կամ մյուս օրը կարող է մեկ ուրիշ մարդ այդ մեքենան նստի» (մեջբերված է ըստ lragir.am կայքի):

Ընթերցող բարեկամնե՜ր, հայրենակիցնե՜ր սիրելի, դե հիմա ինձ հուշեք, այսպիսի պատասխանի համար ի՞նչ պիտի ասել մի մարդու, որի լղոզված, անգույն, միշտ խառնիփնթոր ու ոչինչ չասող բառերի շարանին եւ տափակագույն բառակույտերին վաղուց ենք ծանոթ։mesrop_Harutyunyan

Բայց էս անգամ նրա ասածը դրանցից ոչ մեկը չէր եւ անգամ տափակաբանություն չէր, դա ավելին էր, դա սորուն էր Սահարայի ավազների պես։

«Բայց ինչո՞ւ սորուն»,- կհարցնեք դուք։ Պատասխանեմ. որովհետեւ դրանով Գալուստ Սահակյանն արդարացնում է մի երեւույթ, որ վաղուց տարածված է հայ պաշտոնյաների մոտ. նրանք չեն նստում իրենց նախորդի աթոռին ու սեղանի մոտ, նրանք չեն նստում իրենց նախորդի նստած ավտոմեքենան։ Քիչ թե շատ նշանակալի որեւէ պաշտոն զբաղեցնելուց անմիջապես հետո նրանց առաջին գործն է լինում փոխել ամեն ինչ՝ աշխատասենյակի պաստառներից բռնած մինչեւ գրիչներն ու համակարգիչները, ավտոմեքենաներից բռնած մինչեւ քարտուղարուհիները։ Եվ բոլոր այդ փոփոխությունները կատարվում են մե՜ր փողերի հաշվին։

Արդ, հարց տամ Գալուստ Սահակյանին. իսկ ի՞նչ է, ձեր նախորդին սպասարկած ավտոմեքենան միայն իր՝ Հովիկ Աբրահամյանի համա՞ր էր գնված, այն գնված չէ՞ր «պետության ամրության եւ ոչ թե անձի համար»։ Եվ եթե գնված էր «պետության ամրության եւ ոչ թե անձի համար», ինչո՞ւ եք փոխում։ Եվ ձեզանից հետո եկո՞ղն էլ չի փոխելու ավելի շքեղով՝ դարձյալ, իհարկե, «պետության ամրության համար»…
Պետության ամրությունը ձեր ու ձեր նմանների անվտանգությամբ չի որոշվում, պարո՜ն, պետության ամրությունը պետական ինստիտուտների լեգիտիմությամբ ու նրանց գործելով է որոշվում։ Դուք ոչ մեկը ունեք, ոչ էլ մյուսն եք ապահովում։

Պետության ամրությունը նաեւ նրա սահմանի ամրությամբ է որոշվում, այն սահմանի, որի մասին հիշում եք միայն սեփական PR ակցիաներ իրականացնելու համար։
Պետության ամրության մասին մտածելու դեպքում դուք, Հովիկ Աբրահամյանը եւ մանավանդ Սերժ Սարգսյանը ոչ թե սեփական անձի անվտանգության ապահովման համար երկար շարասյուներով կերթեւեկեիք Երեւանի փողոցներով, զինված թիկնապահներով կօկուպացնեիք ձեր այցելած բոլոր վայրերը, այլ այդ՝ անձնական անվտանգության վրա ծախսվող գումարները կավելացնեիք ռազմական ծախսերի բյուջեին, որ մեր տասնութամյա սահմանապահ տղերքը զինված լինեին գոնե այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի ոչ մի բանի պետք չեկող թիկնազորը եւ այնպես, որ թշնամու ամեն շարժը ֆիքսեին։ Թե չէ փարիսեցիական հայտարարություններ ով ասես կանի, մանավանդ դուք, որ սովոր եք…

Այնուհետեւ, պետության ամրությունը ընտանիքների ամրությամբ է որոշվում։ Այն ընտանիքների, որոնց ձեր ընդունած անմարդկային օրենքներով թալանում եք առավոտից երեկո, հետո այդ թալանածով շքեղ ավտոմեքենաներ գնում ու թիկնազոր պահում։ Այն ընտանիքների, որ արդեն մոտեցող ձմռան շունչը զգալով, մտածում են, թե ոնց են վճարելու ձեր ու ձեր նմանների համառ ջանքերով թանկացած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց։ Այն ընտանիքների, որ ձեր եկամուտների ու դղյակների ֆոնին հազիվ գոյատեւում ու գոյություն են քարշ տալիս։

Պետության եւ ոչ թե անձի ամրությունը ապահովելու համար այս ընտանիքների ապրելու նորմալ կենսապայմաններ կստեղծեիք, այլ ոչ թե ընդհակառակը։

Պետության եւ ոչ թե անձի ամրության համար ոչ թե ձեր ու ձեր պատգամավորների աշխատավարձերը կբարձրացնեիք, այլ աշխատատեղեր ստեղծելուն խթանող, հետեւաբար եւ՝ մարդկանց եկամուտներ ապահովող օրենքներ կընդունեիք։
Եվ վերջինը, պարո՜ն. պետության ամրության համար մտածելու դեպքում չէիք այցելի որեւէ տեղ. վստահաբար ասում եմ՝ ձեզ դիմավորողները չեն կարող ասել բարի գալուստ, քանզի նման գալուստը երբեք բարի չէ…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. SIRUSH says:

    Կեցցես Մեսրոպ, միակն ես, որ անվախ իրականությունն ես բացահայտում եւ գրում: Եթե բոլոր լրագրողները Ձեզ նման լինեին՝ Հայաստանը այս ողբալի վիճակում չէր լինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031