Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Այստեղ հիմնական հարցերը պետք է ուղղված լինեն գլխավոր դատախազին»

Օգոստոս 21,2014 21:02

«Եթե այդ նույն դեպքի հետ կապված արդեն կա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, ապա եթե նույնիսկ ինչ-որ նոր փաստեր են ի հայտ եկել, ոչ թե ՀՔԾ-ն պիտի նորից հարց քննարկի՝ քրեական գործ հարուցելու, թե ոչ, այլ գլխավոր դատախազը պիտի հարց քննարկի՝ վերացնե՞լ այն որոշումը, թե՞ չէ»,- փաստաբան Հայկ Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչքանո՞վ է հիմնավոր եղել ՀՔԾ-ի որոշումը՝ մերժելու քրեական գործի հարուցումը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի այն հայտարարության առնչությամբ, որ իրենց ոստիկանական բաժանմունքում ծեծել են, ընդ որում, հարվածել է անձամբ Վլադիմիր Գասպարյանը:

Հատուկ քննչական ծառայությունից պատճառաբանել են, որ  դեռեւս 2013-ի նոյեմբերին այդ մասին իրենց գրություն է հասցեագրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եւ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Նույնաբովանդակ հայտարարության առթիվ նոր գործ չի կարող հարուցվել:

Մենք հետաքրքրվեցինք՝ Շանթ Հարութունյանն ու Վարդան Վարդանյանը այդ հայտարարությունը դատական վերջին նիստերից մեկի ժամանակ են արել, դա նոր հանգամանք չէ՞ գործում: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այստեղ հիմնական հարցերը պետք է ուղղված լինեն գլխավոր դատախազին: Արդյոք ինքը այդ նոր փաստերի լույսի ներքո չի՞ տեսնում հիմքեր՝ այդ հին որոշումը վերացնելու համար: ՀՔԾ-ն չէր կարողանա քրեական գործ հարուցել, որովհետեւ իրենք արդեն այդ փաստի առթիվ գործի հարուցումը մերժելու որոշում են կայացրել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այսինքն, այն, որ այստեղ նոր փաստեր են ի հայտ եկել, դա ոչ թե քրեական գործի հարուցման հարցի քննարկման պատճառ կարող է հանդիսանալ, այլ պատճառ կարող է լինել, որպեսզի գլխավոր դատախազը վերացնի այն որոշումը»:

Դիտարկմանը, որ քանի որ Վլադիմիր Գասպարյանի մասին էր խոսքը, մտավախություն կա, որ գուցե կամայական որոշում էր կայացվել ՀՔԾ-ի կողմից՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ ՀՔԾ-ն ունի լավ փաստարկ՝ ասելու, թե ինչու ինքը չի կարող նորից քննարկել քրգործ հարուցելու հարց»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031