«Արմենիա» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տեսուչ Նարեկ Ալոյանը դատի է տվել ԲՀԿ-ին՝ իր հարցումը անպատասխան թողնելու համար:
Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս տարվա մարտին ինքը հարցման միջոցով փորձել է պարզել, թե ով է կուսակցության տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձը. «Կուսակցությունը պարտավոր է նշանակել նման պաշտոնատար անձ՝ համաձայն տեղեկատվության ազատության մասին օրենքի, եւ իմ հարցմանն էլ նրանք օրենքով պարտավոր էին պատասխանել: Մյուս հարցումն էլ եղել է, թե 2012-2013 -2014 թթ տեղեկատվության ամփոփման տվյալներում արդյո՞ք իրենց մոտ ամփոփված է եղել 2012-ին իմ կողմից ուղարկված հարցումը, որը էլի ժամանակին անպատասխան էին թողել»:
Մեր հարցին, թե ինչու է այդ տեղեկությունները իրեն հետաքրքրել ու ինչու է հենց ԲՀԿ-ին ուղարկել, նա պատմեց, որ առիթը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Ամանորի ուղերձը. «Գագիկ Ծառուկյանն այդ ուղերձով հարգանքի խոսքեր է ասել զինծառայողներին ուղղված: Իսկ ես զինվորների հետ կապված ծրագիր էի մշակել՝ զինվորինֆո նախագիծ, առաջարկել էի հանդիպել ու քննարկել: Բայց նրանք չեն արձագանքել քննարկման իմ գրավոր առաջարկին, թողել են անպատասխան»:
Կարդացեք նաև
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով նախնական նիստ է տեղի ունեցել: ԲՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը միջնորդել է դատական նիստը քննել արագացված կարգով, որ կուսակցության գործունեության վրա այդ գործը բացասական «բիծ» չթողնի: Դատարանը մերժեց նրա միջնորդությունը: Մերժվեց նաեւ Ալոյանի՝ Գագիկ Ծառուկյանին որպես վկա դատարան կանչելու միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի երկուսին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ