Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում տեղ են գտել տեղեկություններ, որոնցում խեղաթյուրելով իրականությունը՝ նշվել է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունն առանց որևէ պատճառաբանության հրաժարվում է քրեական գործ հարուցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ Շանթ Հարությունյանի և մյուսների քրեական գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանի` դատարանում կատարած հայտարարությունների հիման վրա:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հաղորդումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը դեռևս 2013թ. նոյեմբերին գրավոր դիմել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ստացված տեղեկատվության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր: Ձեռնարկված գործողությունների, ստացված բացատրությունների, ձեռք բերված տեղեկությունների վերլուծությամբ հերքվել է Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետի և նրա ենթակաների կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու հանգամանքը:
2013թ. նոյեմբերի 14-ին քրեական գործ հարուցելը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Որոշման օրինակներն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են կողմերին, այդ թվում` Շ.Հարությունյանին և Վ.Վարդանյանին, բացատրվել է բողոքարկման կարգը, սակայն սահմանված ժամկետներում այն չի բողոքարկվել:
Նույն անձանց կողմից նույն դեպքի վերաբերյալ կրկին կատարած նույնաբովանդակ հայտարարությունների հիման վրա քրեական գործ հարուցելու հարցի կրկնակի քննարկման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:
Կարդացեք նաև
ՀՔԾ