Կրոնագետ, աստվածաբան, 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանն աշխարհի բոլոր հայերի միասնական մակերևույթի ձևավորման անհրաժեշտություն է տեսնում. «Մակերևույթ, որը հնարավորություն կտա ոչ միայն լիարժեք տեղյակ լինելով՝ մատը պահել զարգացումների պուլսի վրա, այլև ճիշտ արձագանքել հնարավոր բոլոր անցումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Խաչատրյանը:
Հստակեցնելով խոսքը՝ բանախոսն ասաց, որ, մասնավորապես, նկատի ունի տարածաշրջանի՝ պատերազմական գործողություններով հագեցած իրադարձությունները և դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի համար. «Այս առումով մեզ համար կարևորագույն խնդիրներից մեկն ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալն է»,- ասում է Վ. Խաչատրյանը, որովհետև մտավախություն ունի, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը կարող է բարդություններ ստեղծել նաև հայ ժողովրդի համար. «Իրավիճակը մեզ համար պետք է լինի կանխատեսելի և վերահսկելի, որովհետև մեր հարևան պետությունների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի քաղաքացիներն այսօր գտնվում են պատերազմի մեջ, կրակում են իրար վրա, խորը դավանաբանական և գաղափարաբանական խնդիրներ ունեն միմյանց հետ… Ծայրահեղական դրսևորումները հասել են իրենց գագաթնակետին, հասարակությունները գնում են ծայրահեղացման: Այս ամենի մեջ բավականին լուրջ վտանգներ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Սա ալիք է, որի բարձրանալու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք դրան դիմագրավելու»,- ասում է Վ. Խաչատրյանը։
Նա խոսեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի գործողությունների մասին՝ ընդգծելով, որ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ. «Թուրքիայի քայլերը միայն կոսմետիկ բնույթի կլինեն, արմատական որևէ բան սպասելու կարիք չկա»,- ասաց բանախոսը և հավելեց, որ Թուրքիան արդեն սկսել է թուրք ժողովրդի մեղքերը հնարավորինս կրճատելու ուղղությամբ աշխատել. «Թուրքական մամուլում այսօր արդեն տպագրվում են երիտթուրքերի փակ նիստերի արձանագրությունները: Նիստերին հայերի տեղահանման խնդիրն է քննարկվել, և թուրքական ծագում ունեցող անձանց քվեարկությունը եղել է ոչ հօգուտ հայերի տեղահանման:
Հասկանալի է, որ այս ամենը բավականին լուրջ է, և հայ ժողովրդի պատասխանի կարիքն ունի, որովհետև գործում է հսկայական պետական քարոզչական մեքենա, որի գործունեության համենայն դեպս վերջին հարյուրամյակը հիմնականում եղել է ընդդեմ հայերի, եթե չասենք, որ հայատյացությունը եղել է այդ քաղաքականության առանցքային գիծը»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ