Վաղը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկարամյա նախագահ Էդուարդ Մանուկյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 65-ամյակը, որի պատճառով էլ հարգված դատավորին ճանապարհում են թոշակի: Վերջինս 33 տարի շարունակ դատավոր է աշխատել, որից 16 տարին անընդմեջ ղեկավարել է Շիրակի մարզի դատարանը: Նշենք, որ 7 տարի շարունակ` 1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես դատավոր:
Թե ով կփոխարինի Էդուարդ Մանուկյանին այս պաշտոնում, բնականաբար կորոշի երկրի նախագահը, սակայն, դատարանում պտտվող խոսակցությունների համաձայն, այս պաշտոնին հավակնում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի երիտասարդ նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, որը գյումրեցի է, բնակվում է Գյումրու կենտրոնական հատվածում ու ամեն օր Լոռի աշխատանքի է գնում Գյումրուց: Վերջինս նախքան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվելը աշխատել է Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալ, իսկ 2002 թվականից` ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։
Նշենք, որ թեև Շիրակի մարզի դատական համակարգում աշխատելն այնքան էլ հեշտ չէ. մարզը կոնֆլիկտային է` միայն Գյումրու ներկա ու նախկին քաղաքապետերի դատական վեճերը բավական են ծանրաբեռնվելու համար, չհաշված տարբեր աղմկոտ սպանությունները, բնակիչներն էլ իրենց հերթին հոգստաշատ են ու միաժամանակ խստապահանջ, այդուհանդերձ պիտի փաստենք, որ Էդուարդ Մանուկյանը այն դատավորներից է, որը հնարավորինս կանխեց կոնֆլիկտների թեժացումը, պահպանեց իր մարդկային բարձր որակը: Վերջինս աչքի ընկավ նաև լրատվամիջոցների հետ հաջողված աշխատանքով. ամեն ինչ արեց, որ հասարակական հետաքրքրություն ներկայացնող դատական նիստերը դառնան հրապարակային, լուսաբանվեն, ապահովվի լրագրողների ազատ ելումուտը դատարանի դահլիճ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ