Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաշխատող. «Լոմոնոսովի համալսարանի բացմամբ իշխանությունները Կիսիլյովի հրահանգն են կատարում»

Օգոստոս 21,2014 18:19

Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի համոզմամբ, Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացումը Հայաստանում ոչ թե կրթական, այլ քաղաքական նպատակներ ունի:

«Երկրի իշխանությունները նախարար Արմեն Աշոտյանի ձեռամբ ու նրա ռեկլամով առաջ են տանում Կիսիլյովի հրահանգները, որի կարծիքին վերջերս ծանոթացանք, երբ Հերմինե Նաղդալյանը նրան հրավիրել էր Ազգային ժողով, եւ նա մատ էր թափ տալիս, թե ինչու տաքսու վարորդները ռուսերեն խոսել չգիտեն: Այնպես որ Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացումը շատ լավ տեղավորվում է այդ համատեքստում:

Արմեն Աշոտյանն արդեն մի անհաջող փորձ արել է ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու ուղղությամբ, հիմա էլ «համալսարան», «կրթություն» վերամբարձ բառերով են ուզում սաղացնել ռուսալեզու կրթությունը:

Բոլորս գիտենք, որ հայաստանյան բուհական համակարգում ճգնաժամ կա, ուսանողների պակաս, մարզային բուհերը կանգնած են լուծարման եզրին, եւս այս պարագայում եւս մեկ համալսարան, այն էլ ռուսերեն լեզվով ու մեր բյուջեի հաշվին, միարժեքորեն քաղաքական նպատակներ ունի: Մանավանդ որ դասախոսներին հրավիրելու են, ինքնաթիռի, այստեղ քյաբաբ ու խորոված ուտելու վարձը պիտի վճարվի պետբյուջեի հաշվին:

Արմեն Աշոտյանը այդ համալսարանով միգուցե սուպերռեզերվ տեղ է պատրաստում, միգուցե նախարարի պաշտոնից հետո ռեկտորի ակնկալիքներ ունի, բայց ինքը գիտի, որ խիյարը մեկ-մեկ թարս է բուսնում, եւ եթե ժամանակը գա, էդ տեղերը զբաղված կլինեն:

Այնպես որ այս համալսարանը լրիվ անիմաստ է ու հսկայական ծախս՝ մեր բյուջեի վրա: Ես Լոմոնոսովի համալսարանում դեռեւս 77 թվականին եմ կուրսեր անցել, իմ ընկերներն այնտեղ ամբիոնի վարիչներ եւ դեկաններ են: Գիտեմ, որ ինչքան էլ լավ մասնագետ լինի, երբեք ինքնաթիռով չի գա այստեղ խորոված-քյաբաբ ուտելու, եւ սա այն դեպքում. երբ մեր բարձրակարգ մասնագետները՝ բնագիտության ոլորտի, ոչնչով չեն զիջում նրանց ու կանգնած են աղքատության եզրին: Եթե լավ որակի բուհ են ուզում, թող նախ այդ մարդկանց ներգրավեն մեր փտած համալսարաններում, որտեղ բարձրակարգ մասնագետների մուտքը հիմնականում արգելված է»,-կարծում է գիտաշխատողը:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարն ասել էր, որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը մասնաճյուղեր է բացում բացառապես այն երկրներում, որոնք համաձայնում են ստանձնել համալսարանի մասնաճյուղի ֆինանսավորման պարտավորությունները։

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031