Օգոստոսի 7-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հուլիսի 25-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածին, ասել է. «Ցավոք սրտի, մենք ունեցել ենք կորուստներ. մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմից զոհվել են զինծառայողներ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, Գոռ Բաբկենի Գրիգորյանը, Արարատ Վաչիկի Խանոյանը, Սարգիս Արմենի Մովսիսյանը, Ազատ Արթուրի Ասոյանը, Խաչատուր Լևոնի Բադասյանը, Արամ Մկրտչի Գրիգորյանը: Նրանք հետմահու արժանացել են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների»՝ տալով, փաստորեն, թվով յոթ զինծառայողի անուն:
Օգոստոսի 19-ին Մարտակերտում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նույն ժամանակահատվածի մասին ասաց, որ մենք ունեցել ենք վեց զոհ. «5-րդ պաշտպանական շրջանից ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյան, նույն պաշտպանական շրջանից սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյան, նույն զորամասից՝ շարքային Խաչատուր Լևոնի Բադասյան, 7-րդ պաշտպանական շրջանից՝ սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանը, նույն պաշտպանական շրջանից շարքային Ազատ Արթուրի Ասոյան, 9-րդ պաշտպանական շրջանից՝ կապիտան Արմեն Յուրիի Հայրապետյան»:
Մովսես Հակոբյանը չի տալիս Արամ Գրիգորյանի եւ Գոռ Գրիգորյանի անունները: Մտածեցինք՝ գուցե Արամ Գրիգորյանը եւ Գոռ Գրիգորյանը զոհվել են Հայաստանի՞ սահմաններում: Սակայն, պարզվում է՝ ոչ: Ըստ մամուլի հրապարակումների ՝ կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ Քարվաճառում, հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Լեյտենանտ Գոռ Գրիգորյանը, ըստ մամուլի հրապարկումների, նույնպես զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում, հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը դիվերսիայի զոհերի մեջ չէր տվել Արմեն Հայրապետյանի անունը: Մտածեցինք, գուցե նշված ժամանակահատվածից ավելի շուտ կամ ավելի ո՞ւշ է զոհվել: Սակայն ԼՂՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը, «Առավոտի» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ Արմեն Հայրապետյանը զոհվել է հուլիսի 29-ին՝ ականի պայթյունից: Պարոն Հասրաթյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ԼՂՀ պաշտպանության նախարարը չնշեց Արամ Գրիգորյանի եւ Գոռ Գրիգորյանի անունները: Ս. Հասրաթյանը պատասխանեց. «Արամ Գրիգորյանի մասին տեղեկություն չունեմ, բայց Գոռ Գրիգորյանը զոհվել է համածառայակցի կողմից՝ զենքի կանոնների անզգույշ խախտման արդյունքում՝ հերթապահության ժամանակ: Մեր նախարարը տվել է հակառակորդի կողմից զոհվածների անունները, իսկ Գոռ Գրիգորյանը զոհվել է համածառայակցի կողմից՝ զենքի կանոնների խախտման արդյունքում, դա կապ չունի դիվերսիայի հետ»: Հարցրեցինք՝ բայց ամեն տեղ գրված է, որ նա դիվերսիայի արդյունքում է զոհվել, պարոն Հասրաթյանը պատասխանեց. «Ես՝ ԼՂՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանս, նման ինֆորմացիա չեմ տարածել, չեմ կարող մյուսների փոխարեն պատասխան տալ, ես ձեզ իսկությունն եմ ասում»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ է այդ դեպքում Գոռ Գրիգորյանը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվել «Մարտական ծառայության» մեդալով, պարոն Հասրաթյանը պատասխանեց. «Գոռ Գրիգորյանը յոթերորդ պաշտպանական գոտու ամենաբարդ դիրքում է կանգնած եղել, ինքը դիրք էր պահում, մարտական հերթապահության ժամանակ է զոհվել, հետո ի՞նչ, որ համածառայակցի կողմից կանոնների խախտման արդյունքում է զոհվել, բայց ինքը սահմանը պահում էր ամենադժվարին պահին, եւ պետությունը գնահատել է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ուրիշ բան ու գործ չունե՞ս, աղչիկ ջան…
Ում են պետք ձեր տված մեդալները? Ամենքի ընտանիքին մի քանի միլիոն դրամ հատկացնեիք ավելի լավ կլիներ: Չասեք թե բյուջեն դատարկ է, փող չկա: Օլիգարխների և ձեր գրպաններից հանեք տվեք: Ինչ տարբերություն, նույն ենթադրյալ բյուջեի փողերն են դրանց և ձեր գրպաններում: Չնայած էդ դեպքում էլ կարող են պատահել դրամական պարգևատրումներ ստացողներ, որոնք հեչ կապ չունեն սխրանքների հետ: Դրա համար ճիշտ եք վարվել, որ մեդալ եք տվել, էդտեղ գայթակղվելու թեմա չկա, որ ոմանք փորձեն անուններ մտցնել պարգևատրվողների ցուցակի մեջ:
Ապրեք երկար ու առողջ սահմանին ամուր կանգնած քաջ զինվորներ:
Իսկ հայտարարությունների և հրապարակումների անհամապատասխանությունների հետ կապված ուզում եմ հավատալ միայն, որ տեքստ կարդացողներին ճիշտ տեքստ չեն տվել որ կարդան: