Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. Իշխանությունը պատժում է Հայկ Կյուրեղյանին

Օգոստոս 21,2014 18:05

«Դա արդեն խոսում է մեր իշխանությունների մեջ եղած չարության պաշարի մասին: Ես չեմ ցանկանում մասնավորեցնել ոստիկանության կամ մեկ այլ կառույցի: Հայաստանյան իշխանությունները շատ մեծ չարության պաշար ունեն եւ որեւէ մեկը, որը նրանց դեմ որեւէ քայլ է անում, ակցիա է կազմակերպում, վճռում են, որ պետք է նրան մինչեւ վերջ պատժվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանն` անդրադառնալով Հայկ Կյուրեղյանի մեղադրանքի վերաորակավորմանը: Վերջինիս պատիժը խստացվել է` նոր՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք առաջադրելով, որը նախատեսում է 5-ից 10-ը տարվա ազատազրկում:

Իր տեսակետի փայլուն օրինակներն, ըստ իրավապաշտպանի, մենք ունենք.  «Մարտի մեկից սկսած բազմաթիվ մարդիկ բանտերում մնացին, հետապնդվեցին: Հայկն, այս համատեքստում, բացարձակապես օրիգինալ չէ: Նա տեղավորվում է իշխանությունների մտածողության մեջ: Իշխանությունների` իշխանության եւ պետության մասին ունեցած պատկերացումների մեջ»:

Kyuregyan

Հիշեցնենք, հունիսի 12-ին ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, դատարանի բակում բողոքի ակցիա կատարելուց հետո, Հայկ Կյուրեղյանը կալանավորվել էր` զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված խուլիգանության մեղադրանքով: Մեղադրանքը նախատեսում էր 4-ից 7 տարվա ազատազրկում: Ի սկզբանե, Հայկ Կյուրեղյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Հայկ Կյուրեղյանն այսօր էլ չի ընդունել նաև ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը։

Վարդան Հարությունյանն այն համոզմանն է, որ Հայկ Կյուրեղյանի կողմից արված գործողությունն ուղղված չէր որեւէ մեկի, հատկապես ոստիկանության դեմ: «Դա, իմ համոզմամբ ընդամենը բողոքի ակցիա էր: Ուղղակի բողոքի ակցիան ուներ այդ դրսեւորումը: Նման դրսեւորումը մեզանում նորույթ է եւ հասարակությունն էլ այնքան բուռն չի արձագանքում, որքան որ պետք է արձագանքեր»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031