Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյանը զարմացած է, որ արտագաղթը Գալուստ Սահակյանի համար ցավ է

Օգոստոս 21,2014 17:29

«Եթե այդ աղետը ողբերգական չէ Գալուստ Սահակյանի համար, միանգամայն հասկանալի է, քանի որ այս աղետի հետևանքով մեր օլիգարխների ծառայության և ապրանքային շուկան գնորդ ունի»,- Aravot.am-ի հարցին՝ արտագաղթը ցավ, բայց ոչ ողբերգություն համարելը երկրի ղեկավարության կողմից տրված փոքր-ինչ թեթև գնահատական չէ՞ օրեցօր ահագնացող տեմպերի հասնող այդ խնդրին, այսպես պատասխանեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Արտագաղթ եղել է նաև և մեր թվարկությունից առաջ և բոլոր դարերում: Արտագաղթը ցավ է, բայց ոչ ողբերգություն, ու դրա պատճառները լոկ իշխանության հետ կապելը ճիշտ չէ: Հիմա աշխարհը մեծացել է, ու եթե մարդ Ֆրանսիայում բազմապատիկ ավելի պիտի ստանա, պարզ է՝ գնալու է: Արտագաղթի դեմ պետք է պայքարել, ոչ թե մեղադրել: Բայց ցավալի է, երբ մարդիկ խռոված են գնում Հայաստանից»:

Hranush KharatyanՀրանուշ Խառատյանի կարծիքով՝ այս իրավիճակը ձեռնտու է, «երբ ՀՀ իշխանությունը, մասնավորապես կառավարությունը, ոչ մի կերպ չի կարողանում ապաօլիգարխացնել ՀՀ տնտեսությունը, չի կարող կամ չի ուզում շանս տալ փոքր ու միջին բիզնեսին, չի ուզում տնտեսության համար հավասար հնարավորություններ ստեղծել, բնականաբար արտագաղթը մեծ պարգև է»:

Տիկին Խառատյանը հիշեցնում է այն, որ երկար ժամանակ մեր իշխանություններն ասում էին, որ արտագաղթ ընդհանրապես չկա, այլ կա ժամանակավոր աշխատանքի փնտրտուք, և ընդհանրապես, ըստ ազգագրագետի՝ արտագաղթը երբեք չի դարձել իշխանությունների համար երկրի ճակատագրի հետ կապվող կարևոր վերլուծելի խնդիր՝ հասկանալու արտագաղթի ծավալն ու թողած խնդիրները:

Տիկին Խառատյանը մանրամասնեց. «Արտագաղթը իշխանությունների համար ոչ միայն ողբերգություն և ցավ չէ, այլ թեթևացում է: Նախ երկիր կապիտալ է մտնում և շրջանառվում ու մեր՝ այսպես կոչված տնտեսվարող սուբյեկտների առաջարկած ծառայությունների և ապրանքների ինչ-որ չափով գնորդ է գտնվում և սոցիալական լարվածություն թուլանում: Արտասահմանից եկած գումարների հաշվին՝ ՀՀ համախառն ներքին արդյունքի մեկ երրորդն է ձևավորվում»:

Տիկին Խառատյանի համար զարմանալին այն է, որ Գալուստ Սահակյանի համար արտագաղթը ցավ է: Նա նշեց. «Բայց որ իրականում նրա համար ցավ չէ, սա շատ ակնհայտ է: Բայց որ երկրի համար դա շատ լուրջ սպառնալիք է, դա փաստ է: Ժողովրդագրական առումով ՀՀ-ն ուղղակի աղետալի վիճակում է: Թե′ բնակչության թվաքանակի կրճատման, թե′ բնակչության կառուցվածքի իմաստով, տարիքային խմբերի, սերունդներ տալու, ունակության, աշխատանքային տարիքի, բնակչության պակասի խնդիրներով արտագաղթը ուղղակի աղետ է: Բայց իշխանությունների համար, դրսից եկող տրանսֆերտները հաշվի առնելով, որոնցով քիչ թե շատ շնչում են այս երկրում, արտագաղթը պարգև է»:

Մեր հստակեցմանը, փաստորեն կարելի՞ է եզրակացնել, որ իշխանություններն առանձնապես քայլեր էլ չեն անում արտագաղթի դեմ պայքարելու համար, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Հայտարարություններից չէ, որ պետք է եզրակացնել, այս եզրակացությունն ինքնին ակնհայտ է, այսօր նույնիսկ անցյալի հետ համեմատած՝ մեր առևտրային բիզնեսում փոքր ու միջին բիզնեսը դարձյալ հետընթաց ունի: Դարձյալ փակված խանութներ՝ փոքրերի մեջ, դարձյալ շրջանառության նվազում և այլն, դա ակնհայտ է: Ուստի հարցադրումն ինքնին տարօրինակ է, քայլ չի արվում ոչ միայն արտագաղթը կասեցնելու, այլև տնտեսությանը որոշ շանս տանելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Իսկ ժողովրդի համար Գալուստի նման պաշոնյա ունենալը և’ ցավ է, և’ողբերգություն ու նաև`մեծագույն ա մ ո թ…!!!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031