Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Արսենյան. «Հարցը Վլադիմիր Գասպարյանը չի, գեներալ է եղել ծեծողը, թե ոստիկանապետ՝ էական չի»

Օգոստոս 21,2014 17:17

Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի այն հայտարարությունների կապակցությամբ, որ ոստիկանական բաժանմունքում իրենց ծեծել են, ընդ որում, հարվածել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Lragir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունից պատճառաբանել են, որ դեռեւս 2013-ի նոյեմբերին այդ մասին իրենց գրություն է հասցեագրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եւ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Նույնաբովանդակ հայտարարության առթիվ նոր գործ չի կարող հարուցվել:

Aravot.am-ը փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Հովիկ Արսենյանից հետաքրքրվեց, թե հիմքեր ունե՞ր ՀՔԾ-ն քրեական գործ չհարուցելու համար, որովհետեւ Շանթ Հարութունյանն ու Վարդան Վարդանյանն այդ հայտարարությունը դատական վերջին նիստերից մեկի ժամանակ են արել, դա նոր հանգամանք չէ՞ գործում:
Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Եթե մեկ անգամ արդեն այդ նույն բովանդակությամբ հաղորդում ստացել են, նյութեր են նախապատրաստվել եւ քրեական գործի հարուցումը մերժել են, արդյոք այդ նյութերում երեւո՞ւմ է, որ արծարծվել է այն հանգամանքը, որ Վարդան Վարդանյանը հայտարարել է: Եթե թեման նույնն է, ՀՔԾ-ն ճիշտ է վարվել: Եթե բովանդակությունը նույնն է, եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ արծարծվել է, որ խոշտանգումների են ենթարկվել Վարդան Վարդանյանն ու Շանթ Հարությունյանը, մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թեմայով մեկ անգամ քննություն է գնացել եւ նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, ուրեմն վե՛րջ»:

Մենք ճշտեցինք, այսինքն, կապ չունի՞ հիմա ով է այդ մասին հայտարարություն անում, նոր ցուցմունք տալիս՝ Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Իհարկե, կապ չունի»:
Մեր հարցին՝ քանի որ խոսքը Վլադիմիր Գասպարյանի մասին է, նրա պաշտոնը կարո՞ղ էր դեր խաղալ ՀՔԾ-ում կամայական որոշման համար՝ Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Հարցը Վլադիմիր Գասպարյանը չի: Սերժանտ է, սպա է, գնդապետ, գեներալ է եղել ծեծողը, թե ոստիկանապետ, դա էական չի: Նյութերով քննություն են կատարել եւ ճշտել են, պարզել են, որ խոշտանգումների եւ ծեծի չեն ենթարկել: Հիմա ով էլ այդ մասին հայտարարություն անի, ՀՔԾ-ն կպատասխանի, որ այն ժամանակ մենք դրա վերաբերյալ քննություն ենք կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031