Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներն ամփոփել են երկկողմ բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները

Օգոստոս 21,2014 17:09

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան – Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար և մշակութային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:

Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:

Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարության հարցը:
Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարս անցակետում տեղի ունեցած սողանքի ու դրա հետևանքները վերացնելու խնդիրը, իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը:

Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը:

Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Շնորհակալություն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի – Շնորհակալություն Ձերդ գերազանցություն, պարոն վարչապետ:

Տիկնայք և պարոնայք,
ցանկանում եմ սրտանց ողջունել պարոն Հովիկ Աբրահամյանին և շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ինձ համար անչափ ուրախալի է, որ ինձ հնարավորություն տրվեց այցելել մեր բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը:

Մենք համաձայնության եկանք, որ էլ ավելի պետք է խորացնենք Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցած սերտ համագործակցությունը, և տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում: Մենք ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով 42 տոկոսով ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցած տնտեսական հարաբերությունները զարգանում են, և մենք, իհարկե, դա կշարունակենք: Շատ կարևոր է, որ մեր երկրների միջև հանդիպումներն ընթանան ու զարգանան ոչ միայն բարձր մակարդակով, այլև գերատեսչությունների մակարդակով:

Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ: Հավելեմ, որ ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա այդ բնագավառում և համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ կանենք էլ ավելի խորացնելու այս հարաբերությունները:

Ցանկանում եմ նաև նշել, որ մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանը և Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ: Այսօր իմացանք, որ կա հետաքրքիր նախաձեռնություն կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ, և մենք հաճույքով համաձայնեցինք այդ առաջարկին:

Մենք խոսել ենք նաև մշակութային և մարդասիրական բնագավառների հարցերի շուրջ: Պարոն վարչապետը հիշատակեց երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքը, որն արդեն երկրորդ անգամ է արձանագրվել: Մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք, որ երկու-երեք օրում կվերականգնենք գազի մատակարարումը, և գազատարը կվերականգնվի:

Վերջում մեկ անգամ ևս նշեմ, որ մենք երախտապարտ ենք, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, պարոն վարչապետ, այսպիսի ջերմ և բարեկամական ընդունելության համար:
Շնորհակալություն:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031