Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հարյուր օրը բավական չէր ստվերը կրճատելու համար

Օգոստոս 21,2014 17:06

«Հովիկ Աբրահամյանն ու կառավարությունն ի վիճակի չեն ստվերի դեմ պայքարել, քանի որ այդ կոռուպցիոն համակարգի մաս են կազմում»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե ստվերի դեմ պայքարի համար ՀՀ կառավարությանը լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ, համարել ՀՀ կառավարության ձախողո՞ւմ, այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, թե ՀԱԿ-ը այն ժամանակ հույս էլ չուներ, որ կառավարությունը մինչև սեպտեմբեր կրճատելու կամ վերացնելու է ստվերը. ուղղակի իրենց քաղաքական համախոհների հետ քննարկումներից հետո որոշել են ՀՀ կառավարությանը մինչև սեպտեմբեր ժամանակ տալ:

Vahagn Khachatryan

Ըստ նրա՝ «Հովիկ Աբրահամյանը փաստ է արձանագրել, որի մասին մենք լավ գիտեինք»: Այնուհետև պարոն Խաչատրյանը շարունակեց. «Բայց դա արձանագրում է Հովիկ Աբրահամյանը, որով խոստովանում է, որ ինքը ի վիճակի չէ ՀՀ-ում ստվերի դեմ պայքարել: Ստվերի դեմ այդպես չեն պայքարում, դրա համար պետք է ունենալ քաղաքական կամք, բացահայտ խոստովանել դրա մասին: Մի առիթով Հովիկ Աբրահամյանն ասաց, որ գալու է ժամանակ, երբ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն: Այսինքն` վարչապետը խոստովանել է, որ մինչև հիմա օրենքի առաջ բոլորը հավասար չեն եղել, ինչի մասին մենք վաղուց ասում էինք: Սա վկայում է այն մասին, որ այս իշխանությունն անելիք չունի, ինքը սպառել է իրեն և նույն Հովիկ Աբրահամյանը, եթե երեք ամիս աշխատելուց հետո նման խոստովանություն է անում, նշանակում է՝ իրենք այդ հայտարարությունից հետո հրաժարական պիտի տային»:

Վահագն Խաչատրյանը հույսեր չունի, թե լրացուցիչ ժամանակը կփրկի ՀՀ կառավարությանը և ի հակադրում բերում է Վրաստանի օրինակը, երբ
մեկ օրվա մեջ պետավտոտեսչության համակարգում, որտեղ կոռուպցիան ամենամեծ ծավալների էր հասնում, ամեն ինչ փոխվեց:
Եզրափակելով Վահագն Խաչատրյանը նշեց. «Դրա համար պետք է ունենալ քաղաքական կամք, նորմալ ու ընտրված իշխանություն»:

Tatul-Manaseryan-1

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ անլուրջ է կարծել, թե հարյուր օրում հնարավոր է ստվեր կրճատել կամ վերացնել. «Շատ ուրախ կլինեմ, եթե որևէ ընդդիմադիր գործչի տեսնեմ, որ կարող է հարյուր օրում ստվեր կրճատել: Դուք ո՞նց եք մտածում, ընդհանրապես հարյուր օրում կարելի է հանրապետության ստվերը կրճատե՞լ, վերացնե՞լ: Դա անլուրջ է: Այն մարդիկ, ովքեր ուզում են հարյուր օրում ստվերը տեսնել կրճատված, նրանք ուղղակի պիտի գնան ու խնդրեն վարչապետին, որ իր տեղը զիջի իրենց, և իրենք հրաշքներ գործեն»:

Թաթուլ Մանասերյանը, հակառակ քննադատություններին, կառավարության աշխատանքում առաջընթաց տեսնում է: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են այդ առաջընթացային քայլերը, տնտեսագետը պատասխանեց. «Ես ավելի շատ կառավարության ռիթմիկ աշխատանքը կմատնանշեի: Կարևոր է, որ կառավարությունը չլինի կաբինետային, այլ լինի տեղերում, ծանոթ լինի յուրաքանչյուր գյուղին և առավել կարևոր ձեռնարկություններին ու շփվի մարդկանց հետ: Այնինչ նախկինում ժողովրդի և կառավարության միջև մեկուսացում կար, հիմա կա նաև անկեղծություն ու ձգտում՝ ծանոթանալ այն մարտահրավերներին, որոնք Հայաստանին իսկապես խանգարում են առաջ գնալ: Կառավարությունը ճիշտ հունի մեջ է, պարզապես ժամանակ է պետք»:
Վրաստանի օրինակը Հայաստանի պարագայում բերելը պարոն Մանասերյանը տեղին չի համարում ու պատճառաբանում. «Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները: Վրաստանը կարող էր գնալ նման ցնցումների, քանի որ նրան առանձնապես մեծ աշխարհաքաղաքական վտանգներ չեն սպառնում, ինչպես Հայաստանին: Իսկ Հայաստանը խոցելի է: Վրաստանի գինը հայտնի է՝ Արևմուտքի առանձին երկրից հստակ կախվածությունը: Եթե ՀՀ-ին որոշ ուժեր մեղադրում են նրանում, որ շատ, թե քիչ սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ապա Վրաստանի պետական կառույցների ֆինանսավորումը հենց ԱՄՆ գանձարանից էր ստացվում: Չեմ կարծում, որ սա այն գինն է, որ պիտի վճարենք մեկ օրում, ակնթարթում նման փոփոխություններ անելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Պարոն Խաչատրյան,կարծում եք հեշտ?է սեղանի պատկեր ունեցող հիմքի վրա ուղղանկյուն շենք կառուցել:Իսկ սեղանի տեսքով հիմքը դուք եք սկսել՝ՀՀՇ-ի կառավարությունը:Թե? դուք ՀՀՇ չեք՝ՀԱԿ եք:Ձեր քաղաքապետ ժամանակ Երևանի զբոսայգիներում նստարանները հավաքվել էին,որպեսզի անցորդները ստիպված լինեին սրճարաններում նստեին և հանգստանալու համար վճարեին,և այլն:
    Ես Ձեզ հաճախ եմ տեսնում տարբեր լրատվամիջոցներում՝միշտ քննադատողի դերում:Կարծում եմ ներկա իշխանություններին քննադատելու համար ՀԱԿ-ը պետք է օգտագործի նոր քաղաքական գործիչների՝որոնք նախկինում իշխանությունում չեն եղել,թե չէ Դուք համոզիչ չեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031