Այսօր` օգոստոսի 21-ին, կառավարության շենքի դիմաց «Ուզում եմ մնալ իմ երկրում եւ ապրել ոչ փողոցում» պաստառով իր բողոքն էր արտահայտում քաղաքացի Էմմա Սահակյանը, որն ի դեպ Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկն է: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2009 թվականին կատարված անօրինությունների պատճառով հայտնվել է փողոցում.
«Գողացել են իմ ամբողջ ունեցվածքը, եւ գրանցումից հանել են առանց ինձ տեղեկացնելու: Դիմել եմ դատարան, որ քննիչի որոշումը կեղծ է 50-60 հազար դոլարի իրերս գողացել են ասում են, որ հանցակազմ չկա: Դիմել եմ բոլոր ատյաններին ոչ մի դրական արդյունքի չեմ հասել, դրանից հետո 2012 թվականից նստել եմ նախագահականի դիմաց եւ 15 օր հացադուլ եմ արել, բայց ոչ մի ուշադրություն: Իմ պահանջն է, որ նոր քննություն անցկացնեն, ավելի բան չեմ ուզում»:
Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել նախկին Արդարադատության նախարարի եւ Գլխավոր դատախազի հետ, սակայն ապարդյուն: Իսկ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը առաջարկել է իրեն ծերանոց գնալ.
«Ես էլ պատասխանել եմ` ծերանոց ուղարկեք ձեր հարազատներին, որ հետո էլ դուք գնաք: 16 դիմում եմ հասցեագրել նախագահին, պատասխան ստանում եմ Աիդա Ասատրյանի ստորագրությամբ, ես ի՞նչ պահանջ եմ ներկայացնում, իրենք ինձ ի՞նչ են առաջարկում»:
Հետաքրքրվեցինք, թե տիկին Սահակյանը ի՞նչ ակնկալիքներ ունի կառավարությունից, նա պատասխանեց, որ ընդհանրապես ոչ մի ակնկալիք չունի իշխանություններից, սակայն ուրիշ ելք էլ չունի.
«Մտածում եմ, մեջները գոնե մեկը կլինի, որ մի բան կարթնանա իր մեջ»:
Տիկին Սահակյանն իր հետ ուներ նաեւ Հանրապետական կուսակցության օրացույցը, որտեղ յուրաքանչյուր ամսվա կողքին Գարեգին Նժդեհի մտքերն են: Ցույց տալով օրացույցը` նա ասաց.
«11 տարի բանտում նստեց, կարո՞ղ էր, չէ՞ վաճառվել, բայց 11 տարի նստեց բանտում ու մահացավ, որ այսօր իր հարազատներին այս վիճակում թողեն»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ