Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոմոնոսովի համալսարանի հայաստանյան մասնաճյուղի՝ ՀՀ պետբյուջեից ֆինանսավորումը՝ ՌԴ-ի դրդմա՞մբ

Օգոստոս 21,2014 16:14

«Իհարկե, սա քաղաքական որոշում է և սա Ռուսաստանի պահանջն է»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ կառավարության որոշումը Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորելու մասին քաղաքական որոշում չէ՞, այսպիսի կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Հետաքրքրվեցինք՝ սա կրթական բիզնեսի ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չի՞ ստեղծում, այն դեպքում, երբ ՀՀ բուհերի մեծամասնությունը ինքնաֆինանսավորվող են: Տիկին Խառատյանը պատասխանեց. «Այո, և սա արվում է այն դեպքում, երբ, իրոք, հայաստանյան բուհերը հիմնականում ինքնաֆինանսավորվող են: Սրանով ստեղծվում են անհավասար պայմաններ:

Միայն Լոմոնոսովի համալսարանի մասնագետները, դասախոսների գործուղումները, աշխատավարձերը, գիտաժողովների կազմակերպումը պիտի ֆինանսավորվեն ՀՀ պետբյուջեից, և ՀՀ-ի՝ քիչ թե շատ կարող դասախոսները իրենց ուժերը պետք է ներդնեն այստեղ՝ բնականաբար հարվածի տակ դնելով մեր՝ մրցակցությանը չդիմացող, այդ թվում պետական բուհերը: Ամեն ինչ արվում է տեղական նախաձեռնությունները խեղդելու համար»:

Տիկին Խառատյանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, նշում է. «Սահմանադրորեն պետությունը պարտավոր է հավասար հնարավորություններ ստեղծել, եթե պետությունը մի արտասահմանյան բուհի համար իր բյուջեից ներդրումներ է անում, մի՞թե սա անհավասար պայմանների ստեղծում չէ կրթական բիզնես միջավայրում և կրթության քաղաքականության ոլորտում»:

Հրանուշ Խառատյանը տարակուսանք է հայտնում՝ այդ ինչպե՞ս է, որ ՀՀ-ում գործող Ֆրանսիական, կամ Ամերիկյան, կամ նոր բացվող Դիլիջանի միջազգային դպրոցը ասենք չունեն պետական ֆինանսավորում, բայց հենց Լոմոնոսովի համալսարանը, «եթե նույնիսկ օդից ընկած գոհար էլ լիներ», պետք է ֆինանսավորվի ՀՀ պետբյուջեից: Այնուհետև փոքր-ինչ վրդովված եզրափակում. «Ո՞րն է սրա՝ կրթական բիզնեսի հավասար հնարավորությունների ապահովումը: Սա ակնհայտ պետության կողմից շուկայական տնտեսությանը ոտք գցելու հսկա քայլ է, ինչպես համայնքներին վերադարձված հողային ֆոնդը եղավ, որը ամբողջությամբ սպանեց մանր հողատերերին: Պետությունն ինքը անընդհատ քայքայում է տնտեսվարման հավասարության հիմքերն ամեն քայլափոխի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս առնչությամբ պարզաբանել էր. «Իրականում Հայաստանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելու է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նախատեսված պետական պատվերի տեղերի հաշվին, ճիշտ այնպես, ինչպես պետական պատվեր, հետևաբար` պետական գումար են ստանում Հայաստանում Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարանները: Բուհի գործունեության համար անհրաժեշտ այլ ֆինանսական միջոցներ ներգրավվելու են Հայաստանի մասնավոր հատվածից` ներդրումների տեսքով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031