Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը խոստացել է միջնորդել, որպեսզի նախագահն ընդունի մահացած զինվորների ծնողներին (Տեսանյութ)

Օգոստոս 21,2014 15:32

Այսօր` օգոստոսի 21-ին, կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները: Սույն թվականի հուլիսի 10-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր  ընդունել նրանց եւ փորձել իրենց խնդրին լուծում տալ: Aravot.am-ը հետաքրքրվեց ծնողներից, թե ի՞նչ արդյունքներ է ունեցել այդ հանդիպումը:

Խաղաղ պայմաններում մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայր Իրինա Ղազարյանը մեզ հայտնեց, որ վարչապետը հերթով լսել է իրենց բողոքներն ու պահանջները.
«Բոլորիս պահանջն էլ մեկն էր, որ մեզ ընդունի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Մենք դիմումներ ներկայացրինք, թե ո՞ր օրենքով են մեր տղաներին տարել Ղարաբաղ, վարչապետը սա տեսնելով ասաց, որ այս բոլոր հարցերը կփոխանցեք Գերագույն գլխավոր հրամանատարին` Սերժ Սարգսյանին: Այդ օրվանից առ այսօր ոչ մի բան»:

Մեկ այլ ծնող` Նանա Մուրադյանը հավելեց, որ Հովիկ Աբրահամյանն այդ դիմումներն իրենց վերադարձրել է, եւ նրա պնդմամբ, վարչապետն անձամբ պատրաստ էր միջնորդել, որպեսզի խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները հանդիպեն նախագահի հետ.
«Ես իր` դիմումները վերադարձնելուց հասկացա, որ ինքը հաստատ ասաց, որ կմիջնորդի, որ Սերժ Սարգսյանը մեզ ընդունի, եւ մենք այդ դիմումներն անձամբ իրեն կներկայացնենք, եւ մեր բոլոր հարցերի պատասխանները Սերժ Սարգսյանը կտա, բայց այսօր ոչ մի բան չկա»:

Իրինա Ղազարյանը մեզ հայտնեց, որ այսօր հանդիպել են կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին եւ հետաքրքրվել են, թե ի՞նչ եղան վարչապետի խոստումները, վերջինս էլ պատասխանել է նրանց, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են ծնողները ցանկանում հանդիպել նախագահի հետ.
«Ալեքսանդրն էլ պատասխանել է, որ ամեն ծնող ցանկանում է իր տղայի հարցը ներկայացնել. Բոլորը, որ ասում են` վերեւից է գործը փակած, վերեւն էլ մեր Գերագույն գլխավոր հրամանատարն է` Սերժ Սարգսյանը, ի վերջո, եթե մեր տղաներին տանում է ինքը Ղարաբաղ, Ղարաբաղում սպանում են, անօրինական կեղծում են, ի վերջո մենք պետք է իմանանք մեր երեխաներին ի՞նչ են արել: Սակայն, առ այսօր մեր հարցին ոչ ոք պատասխան չի տվել, անցել է 1 ամիս եւ 11 օր ու ոչ մի բան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031