ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ ընդունել էր հաշմանդամություն ունեցող օդաչուներին եւ զոհված օդաչուների ծնողներին:
Վերջիններս իրենց խնդիրներն անընդհատ բարձրաձայնում են կառավարության շենքի առջեւ հրապարակային բողոքի ակցիաներով:
Խնդիրն այն է, որ «Արմավիա» ընկերությունը «Հայկական ավիաուղիները» ձեռք բերելուց հետո այդ ընկերության իրավահաջորդ չի ճանաչվել։ Մինչեւ 2004 թվականը լուծարվող կազմակերպությունների դեպքում, երբ իրավահաջորդը չէր լինում, պետությունը փոխհատուցում էր այդ գումարները: Սակայն 2004-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությամբ, պետությունն այդ պարտավորությունը չունի։ «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են փոխհատուցել իրենց առողջությանը հասցված վնասը, որը ձեռք են բերել աշխատանքի ընթացքում: Դրանք մասնագիտական հիվանդություններ են, որոնց համար գործատուն պետք է փոխհատուցեր: 2006-ից այդ մարդկանց ոչ մի փոխհատուցում չի տրվել: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 570 մլն դրամ:
«Մտածում ենք: Պայմանավորվել ենք, որ ինչ-որ տարբերակներ կփորձենք մշակել եւ իրենց ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ հաջորդ հանդիպումը նախատեսվում է արդեն եկող շաբաթ:
Մեր զրուցակիցը մասնավորեցրեց նաեւ, որ խոսքը ոչ թե այդ գումարի ուղղակի փոխհատուցմանն է վերաբերվում, այլ խնդիրը կարգավորելու օրենսդրական եղանակներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև