Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրը տալիս են ՊՆ-ին, որ դատական գործընթացները փակ դռների հետեւո՞ւմ անցնեն

Օգոստոս 21,2014 15:05

«Պաշտպանության նախարարությանն ինչու են ամեն անգամ խառնում այս գործին, մնում է միայն գուշակել, պարզ է` ինչ-որ փակ, գաղտնի վիճակների համար, որովհետեւ դատական գործընթացներում, եթե հարցը վերաբերում է ՊՆ-ին , ապա միշտ դա տեղի է ունենում փակ դռների հետեւում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում համալիրի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմանը:

Վարչապետը հավանություն տվեց մարզահամերգային համալիրի շենքը պարտքի դիմաց վերցնելու ֆիննախի առաջարկին: Համալիրի պարտքը պետությանը կազմում է 10,207,755,910 դրամ, 204,155,118 դրամ էլ դատական ծախսերի համար են պահանջում:
Կորյուն Գրիգորյանի կարծիքով՝ համալիրի հարցով այսօր կառավարությունը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը նախկին կառավարության սխալներից, ինչ արդյունքում պետբյուջեում 25 միլիոն դոլարի պակասորդ էր արձանագրվել. «Սա կարելի էր սպասել, մենք բազմիցս էինք նշում, որ պարտքի գումարի չափով տեղի կունենա սեփականացում, եւ, ցավոք սրտի, ոչ մի բարենպասստ իրավիճակ, քայլ չեմ կարողանում արձանագրել, ամեն ինչ կատարվում է դեռեւս նույն ոճի մեջ, ինչպես նախկինում»:
Կորյուն Գրիգորյանի ներկայացմամբ, համալիրի սեփականատերերն այս օրերին էլ փորձում են վճարել պարտք մնացած գումարը:

Մեր այն հարցին, թե համալիրը հետ բերելու դեռ հույսեր կա՞ն, պարոն Գրիգորյանն ասաց. «Հույս ունեն, պարտքի գումարը վճարելուց հետո սեփականատերերն, այնուամենայինվ, կպահպանեն իրենց իրավունքը: Աշխատում ենք դրա վրա եւ երբեւիցե չենք ասել, որ այդ գումարը չենք վճարելու»: Նա ասաց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից եւ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո կկարողանան այս հարցի վերաբերյալ ավելի սպառիչ պատասխան տալ:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե աշխատողների աշխատավարձերի պարտքե՞րը երբ պետք է վճարեն, Կորյուն Գրիգորյանն ասաց, որ միայն պաշտպանության նախարարությունը համալիրին պարտք է 60 միլիոն դրամ` մարզահամերգային համալիրում անցկացրած երեք միջոցառումների համար, սակայն մինչ օրս չի վճարել: Ըստ մեր զրուցակցի, այդ պարտքերն էլ կուտակվել են այն պատճառով, որ դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը սառեցրել է համալիրի հաշիվները եւ ցանկացած գումար, որը մուտք է արվել համալիրի հաշվին, անմիջապես բռնագանձվել է. «Դրա համար չեն կարողացել վճարել պարտքը: Մարզահամերգային համալիրը փոքր ձեռնարկություն չէ, ուստի առձեռն չենք կարող վճարել»:

Նշենք, որ ընդհանուր առմամբ համալիրն աշխատակիցներին պարտք է 100 միլիոն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031