Սամվել Ալեքսանյանին մրցակից է հայտնվել շաքարի բիզնեսում:
Հայ մասնագետների մի մեծ խումբ սկսել է «Մեղրախոտ Հայկական» խոտաբույսի արտադրությունը: Այս յուրահատուկ խոտաբույսը լիարժեք կարող է փոխարինել շաքարին, իսկ քաղաքացիները հնարավոր է գերադասեն այս խոտաբույսը, քանի որ այն իր բաղադրությամբ, ի տարբերություն շաքարի, անվնաս է եւ օգտակար:
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Մեղրախոտ Հայկականի» վրա աշխատող գիտական խմբի անդամները ներկայացրեցին խոտաբույսի առավելություններն ու օգտակար հատկանիշները:
Օրինակ`այն բավականին լավ ազդեցություն է թողնում սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց վրա, հակասթրեսային հատկություն ունի,
պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ, վիտամիններ A, B1. B6, B9, B12, C, E, ցինկ, ֆոսֆոր քրոմ, մագնեզիում,կալցիում, սելեն, հակաօքսիդներ, կարգավորում է ճարպերի եւ սպիտակուցների նյութափոխանակությունը, մարսողությունը, ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի աշխատանքը, իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, ամրացնում է իմուն համակարգը, ծանր մետաղներ չի պարունակում, չի վնասում ատամների էմալը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման ընթացքը:
Ասուլիսի մասնակից բժիշկ, պրոֆեսոր Խաչատուր Նահապետյանն ասաց, որ այս խոտաբույսը շաքարախտով հիվանդերին, ի տարբերություն շաքարի, ոչ միայն չի վնասում, նույնիսկ նպաստում է արյան մեջ շաքարի նվազմանը: Ընդ որում, այս խոտաբույսը կարելի է օգտագործել թե թեյի, թե կոմպոտների, մուրաբաների եւ բոլոր տեսակի այն սննդում, որտեղ շաքար է կիրառվում, որպես շաքարավազի փոխարինիչ խոտաբույսի թուրմն է օգտագործվում, ընդ որում, մեղրախոտը կալորիա չի պարունակում:
Կարդացեք նաև
Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ խոտաբույսը վաճառվում է «Գեդեոն Ռիխտեր» դեղատնային ցանցում, այն դեռ մեծ ծավալներով չի արտադրվում: Aravot.am-ի հարցին, թե կա՞ հնարավորություն լայնածավալ արտադրության համար, ասուլիսի մասնակից բժիշկ Միքայել Բաբախանյանն ասաց, որ բոլոր հնարավորությունները կան, եթե լինի պետական աջակցություն եւ ներդրող:
Մեր մյուս հարցին էլ` հաշվի առնելով, որ Հայաստանում շաքարավազի բիզնեսը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհն է, արդյոք մրցակից չե՞ն Ալեքսանյանին եւ թու՞յլ կտա Ալեքսանյանն այս ոլորտում նոր խաղացողներ հայտնվեն, բանախոսներն ասացին` «Ալեքսանյանը մեզ մրցակից չէ»:
Մանրամասն` տեսանյութում
Բժիշկ Նահապետյանն էլ խորհուրդ տվեց Ալեքսանյան-շաքարի փոխարեն օգտագործել «Մեղրախոտ Հայկական»:
Այս բույսի 1 հեկտարը համարժեք է 30 հեկտար ճակընդեղին, բույսն, ինչպես բանախոսներն ասացին, վերաբնակեցվել է Հայաստանում եւ Արցախում, այն աճեցվում է տաք շրջաններում, եւ, ի տարբերություն այլ երկրներում աճեցրածների, չի պարունակում ծանր մետաղներ:
Aravot.am-ը հետաքրքրվեց` Արցախի եւ Հայաստանի տաք շրջաններում ակտիվորեն բաց հանքեր են շահագործում, արդյոք վտանգ չկա այս բույսի հետագա արտադրության համար, Միքայել Բաբախանյանն ասաց, որ իրենք բույսն աճեցնում են հանքերից հեռու հատվածներում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ