Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Արարատյան դաշտավայրում մեծ թափերով ձկնաբուծությունը զարգացնելը անհեթեթություն էր»

Օգոստոս 21,2014 14:40

Բնապահպան Գագիկ Սուխուդյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում անդրադառնալով Սեւանից 270 մլն խորանարդ մետր ջրառ կատարելու կառավարության որոշմանը, ասաց, որ առանց այդ էլ Սեւանի մակարդակը պաշտոնական տվյալներով իջել է 9 սմ-ով, ինչը նշանակում է, որ արդեն 108 մլն խորանարդ մետր ջրառ է կատարվել Սեւանից. «Մենք խաղում ենք Սեւանի բախտի հետ: Մենք Սեւանը դիտարկում ենք որպես ոռոգման ջրամբար: Էդպես չի կարելի»:

Սեւանի ջրի մաքրության մասին խոսելիս՝ պրն Սուխուդյանն ասաց, որ բոլոր այն գետերը, որոնք լցվում են Սեւանա լիճ, աղբատար են. «Իրենց ակունքներում դրանք սկսվում են որպես խմելու ջուր եւ ավարտվում՝ որպես կոյուղի: Միայն Արփա-Սեւան ջրանցքն է մաքուր, քանի որ այն չի մտնում գյուղերը»:

Բնապահպանի խոսքով՝ ջրի որակի վրա են ազդում նաեւ լճի ափին գործող հանքերը:

Ասուլիսի ընթացքում «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը նշեց, որ երբ որոշում ընդունվեց, որ Սեւանի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով, 2012 թվականին Սեւանի թափանցիկությունը կտրուկ բարձրացավ. «Դա ճիշտ ուղի էր»: Պրն Բալայանը նշեց, որ մինչ այդ, երբ ցածր էր Սեւանի մակարդակը, ջրիմուռները բազմանում էին լճում եւ իր մտավախությունը հայտնեց , որ կրկին մակարդակը իջեցնելուց հետո ջրիմուռները կբազմանան եւ լիճը կկանգնի ճահճացման վտանգի առջեւ:

Պրն Բալայանի խոսքով՝ այն պատճառաբանությունը, թե Սեւանից ջուրը վերցնում են ոռոգման նպատակով՝ հարցի ամենահեշտ լուծումն է. «Միայն սպառում են: Սակայն կա նաեւ մեկ այլ մեթոդ ոռոգման՝ կաթիլային ոռոգումը, որը նշանակում է, որ ջուրը պետք է խնայողաբար օգտագործվի: Գաղտնիք չէ, որ հիմնական ջուրը գնում է ձկնաբուծարանների համար, մնացած ջուրն էլ գնում է Արաքս: Եթե այդ մարդիկ ուզում են փող աշխատել, թող մի փոքր էլ երկրի մասին մտածեն եւ խնայողաբար օգտագործեն այդ ջուրը»:

Պրն Բալայանի խոսքերին պրն Սուխուդյանն էլ հավելեց, որ Արարատյան դաշտավայրում մեծ թափերով ձկնաբուծությունը զարգացնելն անհեթեթություն էր. «Ձկնարտադրության համար Սեւանը նպաստավոր վայր էր, սակայն այն գետերը, որոնց միջոցով կարող էինք այն զարգացնել, ՀԷԿ-երի համար են օգտագործվում, որոնք էլ վերացնում են կենդանական աշխարհը: Հիմա Սեւանում ձուկը գրեթե վերացել է: Ձուկը 1991 թվականի 36 հազար տոննայից հասել է 650 տոննայի»:

Պրն Սուխուդյանը նաեւ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արփա-Սեւան ջրատար թունելին. «Սովետական տարիներին այն մեծ ջանքերով կառուցեցինք, սակայն այն հիմա կանգնած է: Արփա-Սեւանը Սեւանին կբերի 250 մլն խորանարդ մետր ջուր, Որոտանն էլ իր հերթին ՝ 165 մլն, սակայն այն վաճառեցինք ամերիկացիներին»:

Պրն Սուխուդյանի խոսքով՝ այն 250 մլն խորանարդ մետրը, որ պետք է թունելով գար, լցվում է Արփա գետը, եւ Արփայով գնում դեպի Նախիջեւան. «Ինչպե՞ս ենք անխնա վերաբերվում այդ ջրին, երբ այն կարող էր որոշիչ գործոն հանդիսանալ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031