Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի շատացել են սնկից թունավորման դեպքերը

Օգոստոս 21,2014 14:36

ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը «Ազդակ» լրագրողական ակումբում անդրադառնալով ամռանը գրանցված թունավորման դեպքերին, նշեց, որ այս տարի արձանագրվել է բոտուլիզմի չորս դեպք՝ վեց տուժածով։ «Առայժմ մահ չի արձանագրվել, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, ապա անցյալ տարի արձանագրվել էր 24 դեպք՝ 40 տուժածով, որոնցից երեքը մահվան ելքով»:

Բանախոսը նշեց, որ այս տարի սնկից թունավորումների դեպքերը շատացել են. «Հատկապես Լոռվա մարզում են լինում սնկից թունավորումները։ 20 դեպք՝ 29 տուժածով, որոնց մեջ 8 դեպք գրանցվել է մինչեւ 14 տարեկան երեխաների մոտ»:

Տիկին Բաբայանը, բոտուլիզմի դեպքերից խուսափելու համար, խորհուրդ չի տալիս տնային պայմաններում պահածոներ պատրաստել, միայն խորհուրդ է տալիս դրանք սառեցված վիճակում պահել սառնարաններում. «Երբ ձմռանը պահածոն բացում են, իսկ սնունդն արդեն թունավորված է լինում, այն չի փոխում իր համը, հոտը եւ տեսքը։ Սակայն ուտելուց երկու ժամ հետո արդեն կարող է թունավորում լինել, մինչդեռ գաղտնի բոտուլիզմը կարող է մինչեւ 12 օր տեւել: Դրա համար խորհուրդ չեմ տալիս պահածոյացնել։ Կարելի է մուրաբաներ փակել, դրանց մեջ շաքարի տոկոսը 50-ից բարձր է, իսկ աղ պարունակող մթերքներում թունավորման հարուցիչները ավելի շատ են»:

Տիկին Բաբայանի խոսքով՝ այլ սննդային թունավորումների դեպքեր այս տարի չեն գրանցվել։ Բանախոսը թունավորումների քանակի նվազումը պայմանավորում է նրանով, որ հանրությունը դարձել է ավելի գրագետ։ Բանախոսը տեղեկացրեց, որ անցյալ տարիներին ավելի հաճախ էին գրանցվում ոչ հիգիենիկ պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենից, աղցաններից թունավորման դեպքերը։

Տիկին Բաբայանը նման միջադեպերից խուսափելու համար հորդորում է հետեւել հիգիենայի պահպանման հինգ կանոններին՝ լվանալ սննդամթերքը եւ այն պարագաները, որոնք օգտագործվում են սնունդն օգտագործելիս. «Այն կերակրատեսակները, որոնք պարունակում են միս, պահպանել սառնարանում՝ 2-6 աստիճանի պայմաններում, պետք է առանձին պահպանել հում սննդամթերքը՝ եփած սննդամթերքից»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031