Վերին Լարսում տեղի ունեցած սողանքի պատճառով ճանապարհն այս գիշերվանից փակ է: Բացի այդ 22.45 վնասվել է Հայաստանը սնուցող գազատարը եւ գազամատակարարումը դեպի մեր երկիր դադարեցվել է:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին հանձնարարեց ուժերը մեկտեղել եւ ճանապարհի հարցը լուծել, քանի որ ըստ վարչապետի «Վերին Լարսի ճանապարհը տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար»: Փոխնախարարն ասաց, որ ամեն ինչ անում են:
Նիստում Հովիկ Աբրահամյանը նկատողություն տվեց Արթուր Առաքելյանին, այն բանից հետո, երբ փոխնախարարը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է նախարարությանը թույլատրել Այգեհովիտ-Վազաշեն- Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով կնքել նոր պայմանագիր:
Արթուր Առաքելյանն ասաց, որ պետական գնման նախկին պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծվել էր: Նա նաեւ նշեց, որ նախահաշվային արժեքը ավելացել է 5.5 մլն դրամով, քանի որ աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել 9-րդ կարգի գրունտի պայթեցման լրացուցիչ աշխատանքային ծավալներ, որի վերաբերյալ աշխատանքում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Կարդացեք նաև
Վարչապետի խոսքերով. «Դուք պիտի ձեր ոճը փոխեք, չի կարելի պարտադրել, որ այսքան ճանապարհ պիտի կառուցենք: Հիմա կառուցապատողին փոխում ենք, մյուսը այդ գումարով կարողանո՞ւմ է ավարտել աշխատանքը»:
Փոխնախարարը պարզաբանեց, որ ճանապարհի կառուցման ընթացքում նախագծային թերություններ են եղել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ