Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Իսկական հայրենասիրությունը քո տեղը քեզնից ավելի լավերին զիջելն է». «168 ժամ»

Օգոստոս 21,2014 12:24

Հասմիկ Պապյանի մասին գրում են՝ երգչուհի, բայց նրա մասնագիտությունն ավելին է, քան բեմում պարզապես երգող երգչուհու գործը:

– Մի անգամ ասել եք, որ երիտասարդ մասնագետների առջև, միևնույն է, սովորաբար դռները փակ են լինում, որովհետև վերևներում վախենում են մրցակցությունից։

– Այդ վախը միշտ կա, և այդ վախը պետք է հանել։ Պետք է լայն մտածել, որովհետև, այո, որքան էլ դժվար է զիջել դիրքերը, բայց դա մի օր պիտի լինի, դա բնությունն է պահանջում, չես կարող աշխարհը գրավել և հավերժ տիրանալ։ Ոչինչ հավերժ չէ, և կարծում եմ՝ դա էլ է հայրենասիրություն, կամ՝ դա է իսկական հայրենասիրությունը՝ զիջել տեղը քեզնից ավելի լավերին, ավելի երիտասարդներին։ Ինձ թվում է՝ մեր անհաջողությունների պատճառն իսկական հայրենասիրության բացակայությունն է։

Ես չեմ սիրում, երբ մենք խոսում ենք հայրենասիրության մասին, մանավանդ, երբ երգում ենք այդ մասին, մանավանդ, երբ կանայք են դա անում՝ ձեռքները բարձրացրած, այդ «հեյ–հեյ»-ները ես չեմ սիրում, շատ եմ տխրում, երբ լսում եմ։ Ես դեմ եմ այդպիսի հայրենասիրությանը։ Հայրենասիրությունը սեփական լավ օրինակը վարակիչ դարձնելն է՝ առանց այդ մասին հայտարարելու։ Ընդ որում, դա պետք է անել՝ անձնականը մի կողմ դնելով, վաղվա մասին մտածելով։

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Զվարթնոցի տաճարում աղմուկ հանած միջոցառման թույլտվությունը։ Ես հիշում եմ Ձեր համերգը՝ Բաալբեկի հնագույն տաճարում, փաստորեն աշխարհում նման վայրերում այլ կարգի համերգներ են տեղի ունենում, իսկ մեզ մոտ՝ էժանագին զվարճանք։

– Այո, ես շատ եմ երգել հնագույն տաճարներում, ոչ միայն Բաալբեկում, այլև հարավային Ֆրանսիայում, Լիոնում, Հոլանդիայում, բայց այդպիսի թեթև ժանրի միջոցառումներ չեմ հիշում նման վայրերում։ Գուցե բացօթյա դասական համերգներից հետո խմիչքի հյուրասիրություն է լինում (հիմնականում՝ կանգնած, զուսպ), բայց դրանք լինում են այդ տարածքների հարևանությամբ, ոչ անմիջապես տարածքում, չնայած այդ հյուրասիրությունները նպաստում են հետագա նմանատիպ ծրագրերի քննարկումներին, մարդիկ ծանոթանում են միմյանց, առաջարկում, թե հաջորդ տարի ինչ անեն։

Այն, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ, կարող եմ մեկնաբանել՝ իբրև երկրի զգացողության բացակայություն։ Մեր այսօրվա խնդիրները, սահմաններում առկա լարվածությունը և Զվարթնոցում կամ Գառնիում նման զվարճանքները չեն համապատասխանում միմյանց։ Մեր երկրում երկու հասարակություն կա. մեկը ժողովուրդն է, որ տառապում է օրվա հոգսերով, ու մեկը՝ քեֆ անողները։ Չգիտես ինչու՝ մեր ցավը բոլորինը
չի դառնում, մինչդեռ և՛ ցավը, և՛ կորուստները, և՛ հաջողությունները բոլորինը պիտի լինեն։

Ամեն տեղ էլ կան հարուստներ, աղքատներ, բայց մեզ մոտ խիստ բաժանված են միմյանցից։ Ընդ որում, ոչ միայն սոցիալական տարբերությունն է առկա, այլ՝ ինչ «ուզել-անելու» հոգեբանությունը:

Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող է հասարակության մի մասը վեր կենալ և իր ամբողջ ուժն ու եռանդը թափել ինչ-որ հարցերի դեմ պայքարելու վրա, հարցեր, որոնք ի սկզբանե պետք է որ չլինեին։ Օրինակ, Աֆրիկյանների տան համար պայքարը, այդպիսի հարց ու այդպիսի պայքար նորմալ հասարակության մեջ, ինքնաբերաբար, հասկանալի է, որ պիտի չլինեն։ Այդ ինչպե՞ս է այդ մարդը (որ նույնպես հայ է), պատկերացնում, թե ինքը պիտի քանդի շենքը, իսկ մի հսկա բանակ պիտի վեր կենա և պայքարի, ամբողջ կենսական ուժերը, որոնք պիտի ներդրվեն այլ տեղ, ուղղվի այդ պայքարին։ Ես չեմ կարող համակերպվել սրա հետ. ամեն մեկի կամայականության համար ժողովուրդը փողո՞ց պիտի դուրս գա, մամուլն իր էջե՞րը պիտի տրամադրի։ Մինչդեռ այդ ծախսված էներգիան ու ժամանակը մեկ այլ, ավելի օգտակար գործի վրա պիտի դրվի։

Անուշ ԹՐՎԱՆՑ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031