Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու իշխանությունը չի լուծարում կուսակցությունների 90 տոկոսը. «168 ժամ»

Օգոստոս 21,2014 11:44

2002թ. Հայաստանում ընդունվել է օրենք «Կուսակցությունների մասին», որով կանոնակարգվում է Հայաստանում կուսակցությունների պետական գրանցման և գործունեության կարգը։ Ըստ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ այս պահին Հայաստանում գործում է 76 կուսակցություն, իսկ վերջին 10 տարում լուծարվել է 62 կուսակցություն։ Շա՞տ է 76 կուսակցությունը, թե՞ քիչ՝ մեր որոշելու խնդիրը չէ, բայց եթե Արդարադատության նախարարությունը հետևեր «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների կատարմանը, ինչը նախարարության գործն է՝ որպես այս ոլորտը կարգավորող լիազոր մարմին, ապա Հայաստանում կուսակցությունների թիվը չէր անցնի 6-7-ից։ Սա նշանակում է, որ Հայաստանում գործող կուսակցությունների 90 տոկոսի գործունեությունը հակասում է օրենքին, նրանք վաղուց պետք է լուծարված լինեին և իրավունք չունենային հանդես գալ՝ որպես քաղաքական միավոր կամ իրավաբանական անձ։

Գործող «Կուսակցությունների մասին» օրենքում մի քանի սահմանափակումներ կան, որոնք գործող կուսակցությունների մեծ մասը չի պահպանում։ Օրինակ, օրենքում 2004թ. կատարված փոփոխությամբ պահանջվում է, որ կուսակցությունն իր գրանցումից հետո վեց ամիս հետո ունենա 2 հազար անդամ և տարածքային ստորաբաժանումներ բոլոր մարզերում՝ առնվազն 100-ական անդամով, կամ՝ պահանջում է, որ կուսակցությունները երկու տարին մեկ անգամ հրավիրեն համագումարներ։ Եթե առաջնորդվենք 2 հազար անդամ ունենալու պահանջով, ապա նույնիսկ խորհրդարանական 6 խմբակցություններից 4-ի դեպքում կարող է պարզվել, որ այս օրենսդրական պահանջը չի պահպանվում։
Ինչ վերաբերում է համագումար անցկացնելուն, ապա այս հարցում ևս կուսակցությունների մեծ մասը գերադասում է չհետևել օրենքի պահանջներին։ Կուսակցությունների ճնշող մեծամասնությունը համագումար չի անցկացնում, քանի որ հնարավոր չէ մեկ կամ երկու հոգով համագումար անցկացնել և դրանով ի ցույց դնել սեփական սնանկությունը։ Կուսակցություններից շատերը նույնիսկ 10 տեղանոց դահլիճ չեն կարողանա լցնել այն դեպքում, երբ պետք է 2 հազար անդամ ունենան։

Բայց կան դեպքեր, երբ կուսակցության վերնախավը վախենում է համագումար հրավիրելուց՝ զգուշանալով, որ համագումարի ժամանակ կարող է կուսակցության այլ ղեկավար կազմ ընտրվել։ Օրինակ, նման իրավիճակ է Հայաստանի Կոմկուսում, որտեղ, արդեն 5 տարի է՝ համագումար չի հրավիրվել և, չնայած կուսակցության անդամների պահանջներին՝ կուսակցության ղեկավարությունը հրաժարվում է համագումար հրավիրել՝ վախենալով, որ իրենք կարող են այլևս Պլենումի կամ բյուրոյի անդամ չընտրվել։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031