Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզում անձրեւներ գրեթե չեն տեղացել, օդի ջերմաստիճանը միշտ բարձր է եղել 30 աստիճանից: Կրակից այրվել են Բաղանիս-Ոսկեպար հատվածի սահմանամերձ գոտու դաշտերի չորացած խոտերն ու թփուտները: Այրվել են նաեւ Սարիգյուղ-Սեւքար սահմանագոտու թփուտները, նաեւ միջպետական ճանապարհաեզրի ծառերն ու թփերը: Կրակը փոխանցվել է Աչաջրի դաշտերը:
Օգոստոսի 20-ին Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանն ահազանգել է մարզի փրկարար ծառայություն, որպեսզի կանխվի կրակի տարածումը դեպի Աչաջրի 60 հա խաղողի այգիներ: Հրդեհը մարելու համար գործի են լծվել Աչաջրի բնակիչները:
Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը հայտնեց, որ հրդեհը մարելու համար Աչաջրի դաշտեր են մեկնել 2 հրշեջ անձնակազմ, կրակն այժմ մարված է:
Աչաջրի բնակիչներից տեղեկացանք, որ մեծ տարածում գտած հրդեհից ոչնչացել է 3 հա խաղողի այգի:
Կրակի պատճառած վնասներն ամբողջությամբ կճշտի Տավուշի մարզի հակահրդեհային տեսչությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ