Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետի հետ քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը «Ժամանակ»

Օգոստոս 21,2014 10:35

Վրաստանի վարչապետի այսօր սպասվելիք հայաստանյան այցի նախաշեմին ազդարարվել է, որ քննարկման հարցերի թվում է լինելու նաեւ վիզային ռեժիմի հարցը։

Մինչ այդ հայաստանյան տեղեկատվական հարթակները՝ առավելապես իշխանական կամ իշխանական ազդեցությամբ տարածում էին, որ Վրաստանը Հայաստանի հանդեպ վիզային ռեժիմը չի խստացնի։ Դրանից շաբաթներ առաջ էլ ռուսական «Ռեգնումը», հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին, տարածել էր, որ Վրաստանը նախատեսում է խստացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը՝ բացառությամբ, իհարկե, զբոսաշրջիկների։ Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն, հղում անելով Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, հերքեց այդ տեղեկությունը, ասելով, որ Վրաստանի ԱԳՆ-ն նման բան չի ասել։

Հիմա, Վրաստանի վարչապետի այցից առաջ հայտարարվում է, որ քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը։ Եթե Վրաստանը մտադիր չէ փոխել Հայաստանի հետ վիզային ռեժիմն ու խստացնել, ապա հարց է առաջանում, թե այդ խնդիրը քննարկելու էլ ի՞նչ կարիք կա։ Ուրեմն, եթե հայտարարվում է, որ Ղարիբաշվիլիի այցի ընթացքում քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը, դա նշանակում է, որ ռեժիմը փոխելու հետ կապված Վրաստանի մտադրությունները ոչ միայն իրական են եղել, այլ դրանք, ըստ էության, ուժի մեջ են մինչեւ հիմա, եւ կարիք կա քննարկել երկկողմ բանակցություններով, այն էլ՝ վարչապետների մակարդակով։

Իհարկե, դիվանագիտական լեզվում այս իրավիճակը փոքր-ինչ մեղմ ձեւակերպումներ է ստանում, եւ ասվում է, որ Վրաստանն ընդամենը Եվրաասոցացման պարագայում ունի միգրացիոն հոսքերի կանոնակարգման անհրաժեշտություն, որն էլ իրականացնում է, եւ դա տեխնիկական հարց է։ Սակայն նման տեխնիկական հարցերը, ըստ էության, կարգավորվում են ավելի ցածր մակարդակներում եւ առանց ավելորդ աղմուկի։ Իսկ եթե հայտարարվում է, որ Վրաստանի վարչապետի այցի ընթացքում քննարկվելու է նաեւ վիզային ռեժիմի հարցը, ապա դա նշանակում է, որ հարցն այստեղ տեխնիկական չէ, այլ քաղաքական։

Եվ սա կարող է հայ-վրացական քաղա֊քական հարցերի ընդամենը սկիզբը լինել, որ կառաջանան Վրաստանի եվրաասոցացվածությունից հետո, հատկապես Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում։ Հայաստանն ու Վրաստանը հայտնվելու են բաժանարար գծերի տարբեր կողմերում, մինչդեռ մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը այդ երկրները գնում էին միեւնույն ուղղությամբ, եւ ակնհայտորեն տարածաշրջանային բեկում էր արձանագրվելու, եթե Հայաստանն էլ Վրաստանի նման հավատարիմ մնար Եվրամիության հետ Ասոցացման ու Ազատ առեւտրի պայմանագրին:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031