ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օգոստոսի 19-ին, Մարտակերտի զորամասում մասնակցեց հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղելու եւ արժանի հակահարված տալու համար մի շարք զինվորների եւ սպաների պարգեւատրման արարողությանը, որը համընկել էր ամառային ուսումնական շրջանի մեկնարկին:
Մարտակերտի զորամասի հրամանատար Է. Ասրյանը եւ հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Կ. Աբրահամյանը զինվորներին շնորհավորեցին նոր ուսումնական շրջանի կապակցությամբ, իրենց գոտեպնդող խոսքերն ասացին:
Հատկապես զգացմունքային էր «զամպոլիտի» խոսքը՝ «թուրքը մնում է թուրք», «նենգ թշնամին», «ոխերիմ հարեւանները», «ազերի հորջորջվածը», «թուրքը դրական էվոլյուցիայի չի ենթարկվում», «մռութին կզգա մեր բռունցքի ուժը» եւ այլ՝ նմանատիպ ձեւակերպումներով:
Իր խոսքի մեջ անհամեմատ զուսպ էր պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ով ոգեւորեց մեր զինվորներին՝ ավելի ոչ էմոցիոնալ բառապաշարով, կոչ արեց նրանց այսուհետ եւս լինել համախմբված, միմյանց թեւ-թիկունք կանգնել եւ արժանի հակահարված տալ մեր սահմանների վրա ոտնձգություն կատարող թշնամուն:
Կարդացեք նաև
Հիշեցնելով, որ հակառակորդը միայն մեկ շաբաթում՝ հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը ձեռնարկել է յոթ դիվերսիոն հարձակում, գեներալ- լեյտենանտ Հակոբյանը նշեց, որ դրա արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 40 զոհ եւ 30-ից ավելի վիրավոր:
Ապա ԼՂՀ պաշտպանության նախարարը, անուն առ անուն թվարկելով այդ մարտերի ընթացքում հերոսաբար նահատակված մեր զինվորների եւ սպաների անունները՝ 5-րդ պաշտպանական շրջանից ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյան, նույն պաշտպանական շրջանից սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյան, նույն զորամասից շարքային Խաչատուր Լևոնի Բադասյան, 7-րդ պաշտպանական շրջանից սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանը, նույն պաշտպանական շրջանից շարքային Ազատ Արթուրի Ասոյան, 9-րդ պաշտպանական շրջանից կապիտան Արմեն Յուրիի Հայրապետյան, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց անմար հիշատակը:
Միջոցառումն ավարտվեց հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղելու եւ արժանի հակահարված տալու ժամանակ իրենց հերոսաբար դրսեւորած զինվորների, սպաների, ինչպես նաեւ կամավոր կերպով մեր զինվորների մոտ՝ դիրքեր մեկնած ազատամարտիկների պարգեւատրման արարողությամբ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ