Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հայրենիքն իմ կարիքն ունենա, անպայման կգնամ»

Օգոստոս 21,2014 14:42

Բանակից նոր զորացրված լոռեցի երիտասարդը`
ծառայության եւ սահմանային լարվածության մասին

Լոռու մարզի Գուգարք գյուղի 23-ամյա բնակիչ Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը վերջերս է զորացրվել:

«Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացած նախկին զինվորի հայրենանվեր ծառայության համար հրամանատարությունը Մարտի 8-ի առթիվ շնորհավորել էր նրա մորը՝ Արմինե Գասպարյանին:

Այսօր սահմաններում առկա լարված վիճակը նկատի ունենալով՝ «Առավոտը» ցանկացավ բանակի մասին լսել նախկին զինվորի կարծիքը:

– Վերջին շրջանում սահմանային միջադեպերը հաջորդում են մեկը մյուսին: Քո ծառայության ժամանա՞կ էլ են եղել նման դեպքեր: Կուզենայի իմանալ՝ զինվորի ապրումներն այդ պահին:

– Վախենալու բան չկա, քանի որ մենք իրենցից ուժեղ ենք եւ պատրաստ ենք հակահարված տալու:

– Ինչպիսի՞ն էիր մինչեւ բանակ զորակոչվելը եւ ի՞նչ է փոխվել այժմ: Կայի՞ն բնավորության գծեր, որ հիմա չկան եւ որ բանակում ես ձեռք բերել:

– Բնավորությունս հիմնականում չի փոխվել, այս երկու տարում ավելի շատ մարդկանց եմ ճանաչել, քան մինչեւ այդ հասցրել էի ճանաչել: Բանակը շատ մեծ հնարավորություն է տալիս, նեղ շրջանակ է, որտեղ մարդկանց շատ ավելի լավ են ճանաչում երկու տարում, քան ամբողջ կյանքում մարդ կարող է իր շուրջը գտնվողներին ճանաչել: Բանակում բարձրացավ մարտունակությունս, հոգեպես եւ ֆիզիկապես դարձա ավելի ամուր:

– Բանակից հետո ի՞նչ է փոխվել քո մեջ մարդկանց հետ շփումներում:

– Էն ժամանակ, եթե շուտ էի մարդուն նվիրվում, հիմա էդքան էլ չէ:

– Դժվարությունների՞ ես հանդիպել:

– Դե, բնականաբար, բնական արգելքներ են, դա սովորական է:

– Այսի՞նքն: Այդ դժվարությունները քեզ սովորեցրել են, որ պետք չէ՞ հավատալ ամենքին, ընկերություն անել շատերի հետ:

– Ճիշտ է, այդ հարցին պետք է ավելի լուրջ մոտենալ, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից: Եվ, ընդհանրապես, ոչ միայն այդ հարցին: Բանակն օգնեց, որ այսուհետ շատ հարցերում ավելի շուտ եւ ճիշտ կողմնորոշվեմ:

– Քո ծառայության ընթացքում հիշո՞ւմ ես նման դեպք, որ մեկը մյուսին հաջորդեն հակառակորդի հետախուզադիվերսիոն այսքան շատ գործողություններ, այսքան լարված լինի դրությունը սահմանին:

– Ո՛չ էն ժամանակ է էդքան անհանգիստ եղել, ո՛չ էլ, կարծում եմ, հիմա, էդ, ասենք, ժամանակի հետ է կապված, պահի դրության: Մեկ-մեկ ա տենց բաներ լինում՝ կախված եսիմ ինչ այլ հարցերից: Դա, ասենք, ոչ ես գիտեմ, ոչ էլ դուք կարաք իմանաք, քանի որ վերադասի հետ ա կապված, իմ հետ չի կապված:

– Ինչպիսի՞ն են զինվոր-զինվոր եւ զինվոր-սպա փոխհարաբերությունները բանակում: Դու ինստիտուտից հետո ես գնացել եւ տարիքով մեծ էիր զինվորներից: Կարողացա՞ր արագ հարմարվել:

– Տարիքով շատ զինվորներ կային: Սկզբնական շրջանում մի քիչ դժվար ա եղել, երկու ամիս հետո ես արդեն լրիվ պատրաստ էի ծառայության:

– Ի՞նչ պիտի անի ծառայող զինվորը ծառայակիցների եւ սպաների հետ խնդիրներ չստեղծելու, միջադեպերից խուսափելու համար:

– Պետք է հարմարվի: Չորս պատի մեջ այլ կերպ լինել չի կարող: Մեկին դու պիտի հարմարվես, մյուսը քեզ պիտի հարմարվի:

– Քիչ չեն դեպքերը, երբ զինծառայողները ընդհարվում են, քրեական գործեր են հարուցվում: Ըստ քեզ, ի՞նչն է դրա պատճառը:

– Իրար չեն հասկանում: Հարցեր կան, որոնց շուրջ երկու կարծիք լինել չի կարող, այ, դրա համար էլ իրար չեն հասկանում:

-Ինչպե՞ս է այսօր բանակում կարգավորվում «ավտարիտետների» հետ հարաբերությունները, որոնք, որպես կանոն, փորձում են իրենց կամքը թելադրել:

-Նման տիպի մարդկանց դասում են չհարմարվող, ոչ ենթարկվող զինծառայողների շարքին եւ նրանց հարցերով զբաղվում են համապատասխան մարդիկ՝ անմիջական հրամանատարը եւ ռազմական ոստիկանության քրեական բաժնի պետը:

– Գրիգոր, դու մի քանի անգամ պարգեւատրվել ես: Հե՞շտ է բանակում կրծքանշանների, պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանանալ եւ շա՞տ են բազմակի պարգեւատրված զինվորները:

– «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանն ստացել եմ Հայրենական մեծ պատերազմի 69-րդ եւ Պաշտպանության բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ, «Լավագույն զինվոր մարզիկ»-ը եւ «Քաջարի մարտիկ»-ը՝ որպես սպորտհրահանգիչ՝ լավագույն ցուցանիշների համար: Շատ քիչ են այն զինվորները, ովքեր բազմակի խրախուսվում են մեդալներով, որովհետեւ էդ մեդալներն այդքան հեշտ չեն տրվում:

– Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, կգնա՞ս:

– Իհարկե, այո, եթե կարիք լինի, անհրաժեշտություն լինի, եթե հայրենիքն իմ կարիքն ունենա, անպայման կգնամ:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ
20.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031