Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովետիզմն ու ցուցամոլությունը շարունակվում է»

Օգոստոս 21,2014 14:35

Արեգ Միքայելյանը՝ պաշտոնյաների թանկարժեք ավտոմեքենաների մասին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Տավուշում արած հայտարարությունը, թե պետական բյուջեի միջոցներով շարունակելու են նոր թանկարժեք մեքենաներ գնել, եւ դա ոչ թե անձի համար է, այլ երկրի ամրության, բուռն քննարկումների առարկա է դարձել տարբեր հարթակներում: Ընդ որում, ասածն ԱԺ նախագահը պատճառաբանել էր նրանով, որ արտասահմանյան հյուրերին ընդունելիս մեքենաների պատվիրումն ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան ԱԺ-ի համար գնված մեքենաները:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն ուղղակի տարակուսանք հայտնեց: «Այդ դեպքում ի՞նչ ասենք արտասահմանցի հյուրեր ընդունող գիտական հիմնարկների մասին, չէ՞ որ նրանք ավելի կարեւոր են, երկրի դեմքն է երեւում գիտական միջոցառումների ժամանակ: Գիտությունը կարո՞ղ է իրեն թույլ տալ նման շքեղ ավտոմեքենաներ գնել, որեւէ գիտական հիմնարկի տնօրեն կարո՞ղ է այդպիսի ծառայողական մեքենա վարել: Ճիշտ նույն խոսքերով, գիտական հիմնարկի ղեկավարը կարող է ասել, որ դա իր համար չէ, հիմնարկի իմիջի համար է»,- ասում է գիտնականը: «Նկատել եմ, որ այսօր մեր բոլոր չինովնիկական վայրերում, օրինակ՝ հարկային տեսչությունում շքեղ վերանորոգում է արված, կահո՜ւյք, համակարգիչնե՜ր, մեքենանե՜ր… Դա ո՞ւմ համար է, եթե ոչ իրենց համար է: Հարկային տեսչություն ոչ ոք չի այցելում արտասահմանից, արտասահմանցիները գալիս են երկրի գիտական, մշակութային եւ նման այլ վայրեր»,- փաստում է Արեգ Միքայելյանը: Նրա ձեւակերպմամբ՝ սովետիզմն ու ցուցամոլությունը շարունակվում է, դրա համար էլ կարեւոր ոլորտներում առաջընթաց չկա:

Գիտնականը տպավորիչ օրինակներ է բերում. «Հնդկաստանը բավականին աղքատ երկիր է, բնակչության կենսամակարդակն էլ Հայաստանից ցածր է, բայց երբ մտնում ես գիտական հիմնարկներ, զարմանում ես՝ Եվրոպային ոչ մի բանով չեն զիջում՝ հասկանալով, որ դա է իրենց երկրի դեմքը: Մյուս կողմից՝ դա էլ կարելի է վիճարկել, թե մենք ցուցամոլությամբ ենք զբաղված: Ամեն ինչը կարող ենք շքեղ ցույց տալ արտասահմանցիներին ու աղքատության մեջ շարունակենք ապրել: Ի՞նչ իմաստ ունի ցուցադրել, որ ավելի լավն ենք, քան կանք իրականում: Դա նույն Խորհրդային Միության քաղաքականությունն է, սովետիզմը: Խորհրդային Միության հիմնական առանձնահատկությունն այն էր, որ համատարած ցուցամոլություն էր, ցույց էին տալիս, թե զարգացած ու առաջավոր երկիր ենք, իրականում մարդկանց աշխատավարձերը տասնապատիկ անգամ զիջում էին արտասահմանի նույն մասնագիտությամբ աշխատողների աշխատավարձերին: Նույնը տիեզերական հետազոտություններ կատարելիս: Յուրի Գագարինը թռավ տիեզերք, բայց դա արեցին, կոպիտ ասած, ժողովրդի բերանից կտրելու հաշվին, իբր տեսեք՝ առաջինը մենք ենք տիեզերք թռել: Եվ ո՞ւր է դրա շարունակությունը… Եվրոպական միջակ պետություններից էլ կարող եմ օրինակ բերել: Եթե այսօր Բելգիան ցանկանա, կարող է իր ժողովրդին աղքատության մեջ պահել եւ տիեզերական խոշոր ծրագիր իրականացնել, բայց դա նորմալ երեւույթ չէ Բելգիայի նման երկրի համար: Նույնն էլ ժամանակին անում էր Խորհրդային Միությունը, ինչը հիմա շարունակվում է Հայաստանում: Մինչեւ չազատվենք էդ հոգեբանությունից ու գաղափարախոսությունից, կուսակցական գերիշխանությունից, երբեք առաջ չենք գնա: Ցավոք, 25 տարի է՝ առաջընթաց չենք ունենում գաղափարախոսական եւ նման հարցերում, դրա համար էլ մյուս ոլորտներում եւս չենք զարգանում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031