Ցանկացած պատերազմ կամ հակամարտություն ուղեկցվում է նաեւ տեղեկատվական գործողություններով: Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարող հիմնական երկիրը Ադրբեջանն է: Մասնագետների ներկայացմամբ, տեղեկատվական պատերազմների հիմնական գործիքներն են՝ սուտը, ապատեղեկատվությունը, շանտաժը, սպառնալիքները, գաղափարական դիվերսիաները եւ այլն:
«Առավոտը» հոգեբան Կարինե Նալչաջյանից հետաքրքրվեց, թե տեղեկատվական պատերազմները հոգեբանական ինչպիսի՞ ազդեցություն են թողնում սովորական քաղաքացիների վրա: Այս առումով կարելի է օգտագործել նաեւ «հոգեբանական պատերազմներ» տերմինը: Մեր այն դիտարկմանը, թե այն բանից հետո, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստում խոսեց Մինգիչաուրի ջրամբարից՝ ասելով, որ ադրբեջանցիները ուժեղացնում են ջրամբարի շուրջ անվտանգությունը՝ որոշ նկատառումներից ելնելով, ադրբեջանցիները միանգամից հակադարձեցին, որ, եթե նրանց ջրամբարի նկատմամբ ոտնձգություն լինի, ապա Երեւանը կբնաջնջեն երկրի երեսից: Երկու կողմերի հայտարարությունն էլ, կարելի է ասել, սթրես պատճառեցին սովորական քաղաքացիներին:
Մեզ հետ զրույցում տիկին Նալչաջյանն ասաց. «Մենք իրավունք չունենք մոռանալու, որ հայ-ադրբեջանական պատերազմն ավարտված չէ: Թշնամին ինքը պարբերաբար մեզ հիշեցնում է այդ մասին: Մեզ ուղղակի հակացուցված է նաեւ մոռանալը, որ մենք միաժամանակ ներքաշված ենք տեղեկատվական ու հոգեբանական տիրույթներում ընթացող պատերազմի մեջ: Պատերազմի այս տարատեսակը յուրահատուկ է նրանով, որ կիրառվող զենքն ու զինատեսակները միշտ չէ, որ տեսանելի են, շոշափելի, ակնհայտ: Ինչ վերաբերում է Մինգիչաուրի ջրամբարի ուժեղացված հսկողության վերաբերյալ կառավարության նիստում մեր պաշտպանության նախարարի խոսքին, ապա ոչ պատճառահետեւանքային, ոչ էլ ժամանակագրական որեւէ կապ չեմ տեսնում վերջինիս եւ վաղուց ի վեր մեր ականջը սղոցող ադրբեջանական սպառնալիքների միջեւ: Միթե մեզ համար նորություն են Երեւանի հասցեին ուղղված հավակնություններն ու սպառնալիքները: Մեզ համար նորությո՞ւն են միթե մեր սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծումները: Իսկ Սեւանում ոտքեր լվանալու մասին ցնորամիտ գռեհկաբանությո՞ւնը: Քնած հայ սպային կացնահարած ճիվաղի հերոսացումը, թվիթերում հերոս կտրած Իլհամ Ալիեվի սպառնալիքնե՞րը: Մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ կապ տեսնել Ադրբեջանից հնչող սպառնալիքների եւ մեր պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքի միջեւ: Հայի, Հայաստանի, Երեւանի նկատմամբ, ադրբեջանական կողմի այդ սահմաններ չճանաչող ագրեսիվությունը մեզ համար բացարձակապես նորություն չէ: Նրանք իրենց գերագրեսիվ քարոզչությամբ խեղել են հայերի մասին իրենց հանրության պատկերացումները՝ ատելության բացառիկ լիցքեր ներարկելով սեփական ժողովրդի մեջ: Իհարկե, ես չեմ բացառում, որ այնտեղ սթափ մարդիկ կան, բայց դա որակ չի կարող կազմել: Տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմում իրավունք չունենք խայծեր կուլ տալու, դա շատ վտանգավոր բան է, որովհետեւ, եթե մենք ադրբեջանական քարոզչության խայծը կուլ տանք, կդառնանք խոցելի՝ սկսած մեր դիրքապահ զինվորից մինչեւ մեզանից յուրաքանչյուրը եւ, ընդհանրապես՝ հայոց երկու պետությունները»:
Կարինե Նալչաջյանի խոսքերով, Հայաստանի պաշտպանության նախարարն իր հայտարարությամբ, ընդամենը, տեղեկացրեց կառավարությանը իրերի վիճակի մասին, իսկ Ադրբեջանում թող ինչպես ուզում են՝ հասկանան: Հոգեբանի համոզմամբ, Սեյրան Օհանյանի դիրքորոշումներն ու կեցվածքը ստեղծված հանգամանքներում ճշգրիտ են եւ հոգեբանորեն գրագետ:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.08.2014