Ծնունդով գյումրեցի, սակայն տարիներ շարունակ ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում բնակվող ու երկու հայտնի բժշկական կենտրոններում` «Գլենդեյլ ադվենտիստ բժշկական կենտրոնում» (Glendale adventist medical center) եւ «Գլնեդեյլ մեմորիալ հոսպիտալում»(Glendale Memorial Hospital) աշխատող վիրաբույժ Գեւորգ Մութաֆյանը «Առավոտի» հետ զրույցում բավական սենսացիոն մի հայտարարություն արեց` նշելով, որ խրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետը այսուհետ հնարավոր է բուժել լաբորոսկոպիկ վիրահատության միջոցով, եթե հիվանդի մոտ այն 7 տարուց ոչ ավելի է: «Ես ԱՄՆ-ում մասնագիտացել, խորացել եմ լաբորոսկոպիկ վիրահատությունների մեջ, լաբորոսկոպիկ վիրահատություններ նշանակում է փոքր անցքերով վիրահատություններ, որը աշխարհում շատ տարածված է եւ հիվանդի համար ավելի լավ է, քանի որ ցավերն ես քչացնում, ավելի հեշտությամբ ես տուն ուղարկում նրանց, կարիք չկա, որ հիվանդները հիվանդանոցներում պառկեն օրերով, շաբաթներով: Մեծ գիտական աշխատանք է տարվում, որպեսզի լաբորոսկոպիան ավելի խորացնեն, զարգացնեն, ասենք քաղցկեղի եւ տարբեր ուրիշ հիվանդությունների դեպքում: Հիմա լաբորոսկոպիայով կարելի է անել գործողություններ, օրինակ` հաստ աղիքի վիրահատություններ, եւ ստանալ նույն որակը` միայն թե փոքր, մանր կտրվածքով: Այս դեպքում հիվանդները տուն են գնում երեք օրից, ասենք եթե հաստ աղիքի կեսը հեռացնում ենք, հիվանդը 3-5 օր է մնում հիվանդանոցում»,- լաբորոսկոպիկ վիրահատությունների առավելություններն այսպես է ներկայացնում ամերիկաբնակ բժիշկը: Ըստ Գեւորգ Մութաֆյանի, լաբորոսկոպիկ վիրահատությունը թեեւ թանկ հաճույք է, սակայն այս ձեւով ոչ միայն հիվանդի կյանքի որակն են լավացնում ու ցավերն են քչացնում, այլ ապահովվում է կոսմետիկ կողմը, քանի որ փոքր կտրվածքներով են արվում: «Ստամոքսային վիրահատություններ ենք շատ անում, թեկուզ քաղցկեղի ամբողջ ռեզեկցիաներ, լրիվ ստամոքսը հեռացվում է լաբորոսկոպիկ` փոքր անցքերով: Ես նաեւ կատարում եմ գերերի վիրահատություններ, նիհարեցնում եմ շատ գերերին, ովքեր չեն կարող շարժվել իրենց տեղից, չեն կարող դիետայով նիհարել, շաքար, ճնշում ու տարբեր հիվանդություններ ունեն, եւ իրենց կյանքը շատ կարճ է սովորաբար, եթե վիրահատություններ չկատարվեն: 7 շատ լուրջ աշխատանքներ են աշխարհում կատարվել, ցույց է տրվել, որ վիրահատությունը ամենաճիշտ ճանապարհն է, նրանց նիհարելու դեպքում ահագին բարելավվում է առողջությունը. 70-75 տոկոսով շանս կա, որ մարդկանց շաքարն ու ճնշումը կարգավորվի, այսինքն դեղի դոզան մի կեսով ընկնում է, եւ 30-35 տոկոս կա, որ լրիվ վերանում են էդ հիվանդությունները: Մինչեւ էսօր շաքարը ոչ մի ձեւով չի բուժվել, համարվել է խրոնիկ հիվանդություն ամբողջ կյանքում, հիմա այս վիրահատություններով մենք ոնց որ կարողանում ենք լրիվ բուժել, վերացնել շաքարը նաեւ, եթե շաքարը եղել է 7 տարուց քիչ, նոր առաջացած, շատ մեծ շանսեր կան, որ շաքարը լրիվ վերանա 100-150 միավոր (pound) գցելուց հետո, դե մենք միավորով ենք հաշվում, եթե վերածենք կիլոգրամի, մարդը 50-100 կլիոգրամ գցելու դեպքում շատ մեծ շանսեր ունի, որ շաքարը ամբողջովին վերանա եւ դեղերի կարիք էլ չլինի: Էդպիսի հիվանդներ կան, որոնք բուժվել են: Նիհարեցնելը ոչ միայն նրա համար է, որ մենք մտածում ենք ստամոքսը փոքրացնում ենք, քիչ են ուտում, կալորիաների քանակը նվազում է, ճիշտ է`դա կա, բայց նաեւ գոյություն ունեն հորմոնալ փոփոխություններ, եւ ոչ թե կանացի հորմոնալ, այլ ուրիշ հորմոններ. մինչեւ 16-18 հորմոններ գոյություն ունեն օրգանիզմում, որը մենք էլ չենք հասկանում ոնց են ազդում եւ ինչպես են օգնում մարդկանց շաքարի դեպքում, ինչպես են ազդում ենթաստամոսաքային գեղձի աշխատանքի վրա, որ շաքարը թեթեւանում է»,- ասում է բժիշկը:
Մենք հարցրեցինք` կա՞ բուժում շաքարային դիաբետով տառապող նիհար մարդկանց համար: «Լավ հարց է, Բրազիլիայում հիմա վիրահատություններ են անում նիհարների վրա, որպեսզի շաքարը վերացնեն, հիմնավորում են, որ ասենք ուտելիքը տասներկումատնյային չի կպնում, ստիմուլյացիա չի լինում ինսուլինի, էդ ձեւով շաքարը ավելի քիչ է բարձրանում եւ ավելի քիչ կարիք կա ինսուլինի ներարկման կամ դեղերի ընդունման, թեկուզ հաբեր խմելու: Գիտական աշխատանքեր կատարվում են ամբողջ աշխարհում, սա ամփոփելով կասեի, որ այս բոլոր վիրահատությունները կարելի է կատարել նաեւ Հայաստանում»,- ասում է բժիշկը: Ըստ նրա, թեեւ լաբորոսկոպիկ վիրահատությունները թանկ հաճույք են, սակայն դա չի նշանակում, թե հնարավոր չէ իրականացնել Հայաստանում:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.08.2014