Անցած հանգստյան օրերին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերն այցելել է Ռուսաստանի Դաշնություն եւ Սոչիում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ու մարզական ղեկավարության հետ քննարկել 2018 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպական աշխատանքներին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր:
Հաշվի առնելով Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում եւ Բրազիլիայում կայացած աշխարհի վերջին երկու առաջնությունների փորձը` Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության ղեկավարը մի քանի առաջարկություններ է արել, որոնցից մեկը վերաբերում է աշխարհի առաջնության խաղերն ընդունող քաղաքների թվաքանակի օպտիմալացմանը: Բլաթերը նպատակահարմար է գտնում դրանք կրճատել երկուսով` քաղաքների թիվը 12-ից իջեցնելով 10-ի: Շոշափվել են նաեւ ստադիոններին ներկայացվող պահանջները: Բոլոր այդ հարցերը լուծում են ստանալու փորձագիտական մակարդակով: Այդ նպատակով մոտ օրերս Ռուսաստան է գալու ՖԻՖԱ-ի հատուկ պատվիրակություն, որն այցելելու է բոլոր քաղաքները, ծանոթանալու է գործերի վիճակին եւ տալու է համապատասխան գնահատական:
Բլաթերը պատասխանել է նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միությանը մտահոգող այն հարցին, թե ընդառաջ գնալով Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անատոլի Կոնկովի խնդրանքին, ՖԻՖԱ-ն ինչ-ինչ պատժամիջոցներ կկիրառի իր նկատմամբ` կապված Ռուսաստանի առաջնությանը Ղրիմի ֆուտբոլային ակումբների միանալու հետ: ՖԻՖԱ-ի նախագահը պատասխանել է, թե իր ղեկավարած կազմակերպությունը շարունակելու է հետեւել իրադարձությունների զարգացմանը, իսկ դիրքորոշումը կախված է լինելու ՈՒԵՖԱ-ի որոշումից, որը վերահսկում եւ կարգավորում է այդպիսի իրավիճակները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.08.2014