Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գիտության ֆինանսավորումը միայն պետության գործը չէ»

Օգոստոս 21,2014 13:45

Կարծում է ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի
նախագահ Գեւորգ Վարդանյանը

«Հայաստանում տնտեսության մասնավոր հատվածն այսօր ներդրում չի անում գիտության ոլորտում, որովհետեւ ուզում է հնարավորինս արագ գումար աշխատել, այսինքն՝ ներդրում անել եւ մեկ տարի հետո իր ներդրումից շահույթ ստանալ»,- տնտեսության մասնավոր հատվածի անտարբերությունը գիտության հանդեպ այսպես է մեկնաբանում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը: Իսկ գիտության մեջ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց նա, ներդրումից մեկ տարի հետո շահույթ չես կարող ստանալ, որովհետեւ այստեղ արդյունքը չի կարող միանգամից երեւալ. «Գիտության մեջ պետք է բավականին մեծ ներդրում արվի, բայց արդյունքը կարող է երեւալ միայն 10-15-20 եւ ավելի տարիներ հետո»:

Պետությանը հաճախ են մեղադրում գիտության թերֆինանսավորման մեջ, բայց Գ. Վարդանյանը գտնում է, որ գիտության ֆինանսավորումը միայն պետության գործը չէ: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այստեղ շատ կարեւոր է նաեւ մասնավոր հատվածի դերը,- ասում է նա,- Իսրայելը, Սինգապուրը, Կանադան եւ այլ երկրներ, որոնք այսօր գիտության վրա մեծ գումարներ են ծախսում, եւ որոնք նաեւ ինտելեկտի վրա հիմնված տնտեսություն ունեն, հիմնականում մասնավոր հատվածի ներդրումների շնորհիվ է: Այնինչ, մեզ մոտ լրիվ հակառակ պատկերն է. գիտության մեջ մասնավոր հատվածի կողմից ներդրում չի կատարվում»:

Արդյունքում՝ գիտության ոչ բավարար ֆինանսավորումը, գիտնականի ցածր աշխատավարձը եւ ժամանակակից գիտական սարքավորումների ու նյութերի բացակայությունը լուրջ խոչընդոտներ են դառնում գիտնականի համար, որոնք թույլ չեն տալիս նրան ժամանակակից ձեւով զբաղվելու գիտությամբ: Մեր զրուցակցի խոսքով՝ սրանք օբյեկտիվ պատճառներ են դառնում շատ գիտնականների համար, որպեսզի կամ թողնեն գիտությունն ու անցնեն համեմատաբար ավելի բարձր վարձատրվող աշխատանքի, կամ լքեն երկիրը եւ արտասահմանում շարունակեն զբաղվել գիտությամբ. «Ուղեղների արտահոսքը գիտությունից դեռեւս 90-ականների սկզբին՝ անկախությունից հետո է սկսվել, եւ այսօր Հայաստանում միջին սերնդի գիտնականների պակասն զգացվում է, որը շատ ցավալի փաստ է: Նրանք պիտի այսօր այստեղ լինեին, որպեսզի կրթեին եւ ուղղություն ցույց տային նոր-նոր գիտության ասպարեզ մտնող երիտասարդներին»:
Երիտասարդ գիտնականների արտահոսքը շարունակվում է մինչեւ օրս, ինչպես եւս մեկ անգամ փաստեց մեր զրուցակիցը, բայց նա նաեւ վստահեցրեց, որ, չնայած սոցիալական պայմաններին, գիտնականներն ուզում են մնալ հայրենիքում. «Ես միշտ ասում եմ, որ նրանք էնտուզիաստներ են, սիրում են իրենց գործը եւ նվիրված են դրան, բայց երիտասարդ գիտնականը, որը նպատակ ունի նաեւ ընտանիք կազմելու, հաճախ ուղղակի ստիպված է հրաժարվել իր սիրած գործից եւ անցնել ավելի բարձր վարձատրվող աշխատանքի: Իհարկե, արտասահմանում գիտնականն ավելի շատ կվարձատրվի, բայց ամենաչնչին ապահովության դեպքում կնախընտրի մնալ իր հայրենիքում»: Հարցին, թե ինչպես կարելի է կանխել գիտնականների արտահոսքը, Վարդանյանը պատասխանեց. «Ըստ իս, պետք է գիտության վերարտադրման ու զարգացման կոնկրետ ռազմավարություն մշակվի: Իհարկե, կա նման ռազմավարություն, բայց ավելի հստակություն է պետք, այսինքն՝ այդ ռազմավարական ծրագրում պետք է հստակ գրված լինի, թե, ասենք, 2015 թվականին ինչ պետք է արվի, ինչպես պետք է արվի, ֆինանսավորումը որ ուղղություններով պիտի բաշխվի եւ որքան պիտի ավելացվի: Այսօր գիտահետազոտական ինստիտուտների գերակշռող մասում դեռ խորհրդային տարիներից մնացած սարքավորումներով են փորձեր կատարվում: Իհարկե, ես հասկանում եմ, որ դրանց թարմացման համար բավականին մեծ գումարներ են պահանջվում, իսկ այսօր պետության հնարավորությունները սահմանափակ են (նկատի ունենալով նաեւ պատերազմական իրավիճակը), բայց կարծում եմ, որ տարեցտարի պիտի ավելացվի գիտության ֆինանսավորումը, եւ գոնե մեկ-երկու գիտահետազոտական ինստիտուտի սարքավորումների բազան թարմացվի»: Ինչ վերաբերում է գիտության ֆինանսավորմանը, Գ. Վարդանյանն ասում է, որ եթե միջազգային չափանիշներով դիտելու լինենք, ապա որպեսզի գիտությունն ունենա զարգացման գոնե նորմալ ընթացք, պետք է գիտությանը տրամադրվի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1%-ը եւ ավելին, մինչդեռ այսօր Հայաստանում գիտությանը տրամադրվում է ՀՆԱ-ի ընդամենը 0.25%-ը:

Սակայն մեր զրուցակիցը վերջին տարիներին որոշակի դրական տեղաշարժեր է նկատում եւ ասում է, որ հատկապես երիտասարդ գիտնականների նկատմամբ ուշադրությունն ավելացել է: Ապացույցներից մեկը, նրա խոսքով, 2012 թվականի հուլիսի 1-ից մեկնարկած եւ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն է. «Սա շատ ողջունելի փաստ եմ համարում, որովհետեւ երիտասարդ գիտնականներին խրախուսելու, ուղեղների արտահոսքը կանխելու որոշակի քայլ է, եւ դրա շրջանակներում մի շարք ծրագրեր են իրականացվել ու իրականացվում երիտասարդ գիտնականների համար»:

Նրա ձեւակերպմամբ. «Չնայած ցածր ֆինանսավորմանը, գիտության մեջ մենք բարձր ցուցանիշներ ունենք: Տպագրված գիտական հոդվածների քանակով մենք տարածաշրջանում առաջատարներից ենք, զիջում ենք միայն մի քանի երկրի: Սա մի կողմից պայմանավորված է մեր գիտնականների էնտուզիազմով, մյուս կողմից՝ մենք միշտ էլ մեր ինտելեկտով առանձնացել ենք ուրիշներից: Ես կարծում եմ, որ մենք, չունենալով այլ օգտակար հանածոներ, մեր «փրկությունը» պիտի տեսնենք մեր ինտելեկտուալ կարողությունների օգտագործման մեջ: Մենք լավ կրթված ու բանիմաց սերունդ ունենք, այլ հարց է՝ այդ սերունդը կմնա՞, կշարունակի՞ զբաղվել գիտությամբ, թե՞ սոցիալական պայմաններից ելնելով՝ կնախընտրի այլ աշխատանք կամ կմեկնի արտասահման»:

ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031