Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխները նախապատվություն կտա՞ն բարոյական արժեքներին

Օգոստոս 21,2014 14:59

Որոշվում է սահմանամերձ բնակավայրերի ճակատագիրը

«Օրինակ գույքահարկը կամ հողի հարկը սահմանամերձ գյուղերում կարելի է էապես իջեցնել կամ ընդհանրապես հանել, հատկապես հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ սահմանային գոտիներում գտնվող շատ հողերի մշակումը բավական ռիսկային է: Կան կացարաններ, որ անընդհատ ռմբակոծվում են եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն` անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած նախաձեռնությանը` սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին արտոնություններ տալու մասով: Հիշեցնենք, այդ մասին նախ խոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ակտիվ ընթացքում սահմանամերձ Տավուշի բնակավայրեր կատարած այցի ժամանակ: Վարչապետը խոսեց նաեւ գործարարներին հարկային արտոնություններ տալու մասին, որպեսզի վերջիններս շահագրգիռ լինեն այդ տարածաշրջաններում ներդրումներ անել, գործարաններ աշխատեցնել: Ապա, անցյալ շաբաթվա վերջին, խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչներն ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելեցին նույն բնակավայրեր:

Այցի արդյունքում, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, առաջիկայում կառավարությանը կներկայացվի խորհրդարանական վեց խմբակցությունների մշակած սահմանամերձ բնակավայրերին արտոնությունների համատեղ օրենսդրական փաթեթը: Իսկ մինչ այդ, արդեն երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ խորհրդարանում շրջանառության մեջ դրեց սեփական նախագիծը: «Նման նախագիծ ստեղծելու հանձնառություն Քաղաքացիական պայմանագիր միավորման ներկայացուցիչները ստանձնել են հուլիսի սկզբին` Այգեպար և Մովսես համայնքներ կատարած այցի ընթացքում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց պատգամավորը` հավելելով, որ ողջունում է նաեւ ցանկացած այլ նախաձեռնություն, որն ուղղված կլինի սահմանամերձ համայնքների ամրապնդմանը: «Առավոտի» զրուցակից Միքայել Մելքումյանն էլ հիշեցնում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս է խոսել նման արտոնությունների մասին: Այդ արտոնությունները, ԲՀԿ-ական պատգամավորի պատկերացմամբ, բացի անձնական սպառման տիպից` գույքահարկ, հողի հարկ եւ այլն, պետք է լինեն նաեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված: Ի դեպ, մարզերում արդյունաբերական գոտիների զարգացմանը վերաբերող Միքայել Մելքումյանի հեղինակած նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցման ռեժիմում է գտնվում: «Դա պետք է լինի պետական ծրագիր եւ դա չի բացառում նաեւ սահմանամերձ գոտիներում արդյունաբերական զարգացման գոտիների գոյությունը, որտեղ գործելու է նաեւ ազատ տնտեսական գոտու ռեժիմը: Այսինքն, արտադրությունը` լինի փոքր, միջին, թե մեծ, հարկերից ազատված է:

Բայց պետությունն այդ վայրերում ապահովում է ենթակառուցվածքներ`ճանապարհներ, երկաթուղի, մարկետինգային կամ իրավաբանական խորհրդատվություն, արտադրանքի իրացման պայմաններ եւ այլն»,- պարզաբանեց պատգամավորը: Մի բան, սակայն, ԲՀԿ-ական պատգամավորի համար անհասկանալի է` ինչպե՞ս ենք որոշելու թե որոնք են սահմանամերձ գոտիները, ի՞նչ չափանիշներ են գործելու, մանավանդ, որ բնակավայր կա, որը սահմանին մոտ է, բայց ավելի ապահով դիրքում է, քան մեկ այլ բնակավայրը, որը սահմանին այդքան էլ մոտ չէ, սակայն, անընդհատ ռմբակոծվում է: «Նման ցանկությունը բարի եմ համարում, բայց ասեմ, որ մենք դա արդեն նախաձեռնել ենք, թե ի՞նչ կլինի հետո`կյանքը ցույց կտա»,- եզրափակեց մեր զրուցակիցը: «Առավոտի» դիտարկմանը, որ ռիսկայնությունը, մասնավորաբար, բիզնեսի զարգացման մասով բավական բարձր է, քանզի որքան էլ հարկային արտոնություններ տրվեն, մի փոքր բարդ է պատկերացնել, որ որեւէ գործարար համաձայնվի իր գումարները ներդնել մի բնակավայրում, որտեղ անընդհատ կրակում են, Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Կան տարբեր արժեքներ: Ոչ բիզնես արժեքներ: Բարոյական արժեքներ: Համենայնդեպս, տվյալ վայրերում բնակչությունն ապրում է: Կարելի է պաշտպանական միջոցառումներ ձեռնարկել, թե որտեղ է նպատակահարմար հիմնադրել տվյալ բիզնեսը: Այլապես, եթե այդպես մտածենք, ասենք, Սադարակի մատույցներից կարող են Երեւան էլ հասնել ու խփել: Կամ, եթե էդպես լինի, Ղարաբաղում էլ ներդրումներ չպիտի արվեն: Ես այդպես չեմ դիտարկում. անկախ նրանից` կրակոց կա, թե` ոչ, կարելի է տեղը ճիշտ ընտրել, որտեղ կրակոցը տեղ չի հասնում կամ ինչ-որ կերպ պաշտպանված է: Ու նայած թե բիզնեսի ինչ տեսակ է: Անպայման չի, որ դա լինի արտադրամաս: Կարող է մեկը համակարգչով ինչ-որ մի բան է անում: Այսինքն, դա խնդիր չէ»: Կա եւս մեկ ռիսկային գործոն. հնարավոր է գործարարները գրանցեն իրենց բիզնեսը սահմանամերձ գոտում, ազատվեն հարկերից, սակայն, գործունեություն ծավալեն մեկ այլ վայրում, ինչը կբերի ստվերի հերթական մեծ ալիքի: Միքայել Մելքումյանն ասում է, որ այդ հարցը լուծված է. «Նման խնդիրներ նախկինում եղել են ազատ տնտեսական գոտիների հետ կապված, բայց հիմա այդպես չէ` որտեղ գրանցված ես, այդ տեղում էլ պետք է գործունեություն ծավալես: Նման բան չկա` մի վայրում գրանցվես, այլ վայրում գործես»: Հետաքրքրվեցինք նաեւ, ԲՀԿ առաջնորդը պատրա՞ստ է սահմանամերձ բնակավայրերում բիզնես-ներդրումներ կատարել: «Բիզնես-ներդրման հարցը, վստահ եմ, որ իր ուշադրության կենտրոնում է, բայց ավելի կոնկրետ` որտեղ եւ ինչ, ճշգրտումներ պետք է անել: Բայց խոսքն այն մասին է, որ դա պետական քաղաքականություն պետք է լինի ու այնտեղ, որտեղ միջավայրը բարենպաստ է, պետությունը պետք է համակարգի ներդրումները, ոչ թե թողնի բարեգործության հույսին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Օլիգարխները, թե* հայ օլիգարխները:Հայ օլիգարխ և բարոյականություն նույնն է թե ֆաշիզմ և հումանիզմ:Սխալ լինեմ, թող ԿՄՆ ի նախագահը թշնամուս զարմից լինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031