Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերը «թանկ հաճույք» է ծնողների համար

Օգոստոս 21,2014 13:55

Միջին վիճակագրական հայաստանցին, մեկից ավելի երեխա դպրոց ուղարկելու դեպքում, լուրջ ծախսերի տակ կընկնի:

ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում գործում է ավելի քան 1420 հանրակրթական ուսումնական հաստատություն:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է 159 հանրակրթական դպրոց, որից 11-ը՝ միջնակարգ, 2-ը՝ կրթահամալիր, 3-ը՝ հատուկ: Ավանդաբար շատ առաջին դասարաններ են բացվում Պուշկինի, Նիկոլ Աղբալյանի, Չեխովի անվան, այսպես կոչված՝ «էլիտար» դպրոցներում: Եվ ընդհանրապես, ամեն համայնք ունի, պատկերավոր ասած, իր Պուշկինի դպրոցը, օրինակ, Աջափնյակում դա 155 դպրոցն է, Շենգավիթում՝ 161-ը: Թե քանի առաջին դասարանցի կլինի այս տարի, պարզ կդառնա օգոստոսի 26-ից հետո, երբ տվյալները վերջնականապես ամփոփվեն:

Այս տարվա մայիսին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը փաստել էր, որ ՀՀ դպրոցներում աշակերտների թիվը պակասել է 230000-ով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասել էր, որ ԿԳ նախարարությունը պատասխանատու չէ դեմոգրաֆիական խնդիրների համար: Նաեւ վկայակոչելով միջազգային փորձը՝ նախարարը շեշտել էր, որ, օրինակ, Լեհաստանում դպրոցների խոշորացման են գնացել, Հայաստանում էլ կլինեն համայնքներ, որտեղ գնան խոշորացման, սակայն համայնքի պահպանման հարցում ռազմավարական նշանակություն ունեցող դպրոցները կմնան:
Ինչ փոփոխություններ էլ, որ կատարվեն, դրանից միեւնույն է՝ դպրոցահասակ երեխա ունեցող ծնողի ծախսերը չեն կրճատվի: Ու քանի որ սեպտեմբերի 1-ը յոթ սարերի հետեւում չէ, որոշեցինք պարզել, թե ինչ կարժենա մեկ երեխա դպրոց ուղարկելը՝ նվազագույն հաշվարկներով:

Սովորական խանութներում, որտեղ ապրանքները համեմատաբար մատչելի են, դպրոցահասակ երեխայի վերնաշապիկներն արժեն 6500-10000 դրամ, կիսաշրջազգեստներն ու անդրավարտիքներն էլ՝ նույնքան: Ամենաէժան կոշիկների գները սկսվում են 5000-ից: Ընդհանուր տետրերն արժեն 420-450 դրամ, օրագրերը եւս՝ մոտավորապես այդքան: Մնացած գրենական պիտույքների (գրիչ, քանոն, մատիտներ, պլաստիլին, գունավոր թղթեր, հաշվիչ, նոտայի տետրեր, բարակ տետրեր, կարկին) մասին էլ չենք խոսում: Ամենահասարակ պայուսակներն արժեն 6000-8500 դրամ: Ծնողների հետ զրույցներում պարզեցինք, որ սեպտեմբերին երեխաներին դպրոց ուղարկելու համար կպահանջվի ամենաքիչը 60000 դրամ: Ընդ որում, խոսքը ցածր դասարաններում սովորողների մասին է: Ավագ դպրոցների աշակերտների ծախսերը մի քանի անգամ ավելին են: Իսկ եթե հաշվենք, որ որոշ ընտանիքներ մեկից ավելի երեխաներ ունեն, ծնողներից էլ միայն մեկն է աշխատում, այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են: Մի ծնող նույնիսկ կատակով ասաց, որ սեպտեմբերը Ամանորից ծախսատար է: Այս ամենը վերաբերում է միջին վիճակագրական հայաստանցուն, իսկ բրենդային դպրոցականների մասին, թերեւս, ճիշտ կլինի լռել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031