Բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը՝ դասական երկի տարբեր
մեկնաբանությունների մասին
Վերջերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում հայկական բալետի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերով ներկա էր գտնվել վերջինիս ղեկավարած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմանը՝ աշխարհահռչակ Լեոնիդ Յակոբսոնի խորեոգրաֆիայով: Ժակլին Սարխոշյանը 2009 թ.-ից Երեւանի օպերային թատրոնում հիշյալ ներկայացման մեջ հանդես է գալիս Ֆրիգիայի մենապարով, մեկ այլ անվանի բեմադրիչի՝ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով:
«Առավոտի» հետ զրույցում Ժակլին Սարխոշյանը փաստեց, որ այսօր աշխարհում հաշվվում է «Սպարտակի» շուրջ 20 բեմադրություն: Անդրադառնալով Յակոբսոնի բեմադրությանը՝ արտիստն ասաց. «Յակոբսոնը Մարիինյան թատրոնում Խաչատրյանի այս երկը բեմադրել է 1956թ., իսկ 2009-ին, երբ Գրիգորովիչը Երեւանում էր իր «Սպարտակն» իրականացնում, Մարիինյանում այդ տարի վերականգնվում էր Յակոբսոնի բեմադրությունը: Նշեմ, որ ներկայացումն ընթացավ Մարիինյանի նոր բեմում: Բեմադրիչը հրաժարվել էր դասական բալետային պուանտներից, փոխարենը հերոսներին հագցրել էր սանդալներ, տունիկաներ, «հնարել» շարժումների սեփական լեզուն, շեշտն էլ դրված էր դրամատիզմի եւ դիտարժան, մասշտաբային տեսարանների վրա, ասենք՝ հենց զինվորների քանակով: Կային տեսարաններ, որտեղ հայտնվում էին կենդանի ձիեր, իսկ բեմում շուրջ 200 արտիստ էր: Կամ՝ գերի կանանց դրվագում 24 արտաքնապես նման պարուհի պարզապես սինքրոն էին պարում… Տիրում էր անտիկ շրջանի ոգին: Յակոբսոնի «Սպարտակը», ուղիղ ասած՝ թատրոն է, թատերական է, իսկ Գրիգորովիչինը՝ զուտ դասական բալետային օրենքներով բեմադրություն»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ իր համար երկու բեմադրություններն էլ գլուխգործոց են: Խոսելով գրիգորովիչյան բեմադրության մասին, պարուհին նշեց, որ իր եւ կոլեգաների համար պատիվ էր աշխատել լեգենդար բալետմայստերի հետ, պրեմիերային հանդես գալ ժամանակին Ֆրիգիայի դերապարով աշխարհը հիացրած ականավոր պարուհի Նատալյա Բեսմերտնովայի զգեստով: Ասաց նաեւ, որ Գրիգորովիչը Մեծ թատրոնում «Սպարտակը» առաջին անգամ բեմադրել է 1968թ.: Հիշեցնելով, որ Գրիգորովիչի երեւանյան բեմադրությունից հետո նույնիսկ մասնագետներից ոմանք էին խոսում, թե «Սպարտակի» բեմադրության գումարով կարելի էր մի քանի ներկայացում իրականացնել, Ժակլին Սարխոշյանն ասաց. «Քաղաքակիրթ երկրներում արվեստի մասին խոսելիս ընդունված չէ զուգահեռել ծախսերը: Օպերա ու բալետ բեմադրելը թանկ հաճույք է եւ էականը ծախսվող գումարի չափը չէ, այլ արդյունքը: Մեր թատրոնի խաղացանկում էլ կային հիանալի բալետային բեմադրություններ, օրինակ՝ 60-ականների սկզբին մոսկվաբնակ բալետմայստեր Մարկ Մնացականյանի բեմադրած Ադանի «Ժիզելը»: Սա պարտադիր ընդգրկված է ցանկացած հռչակավոր օպերային թատրոնի խաղացանկում… Ոչ միայն «Ժիզելը», նաեւ Չայկովսկու «Կարապի լիճը», «Շոպենիանան» եւ այլն: Ընդհանրապես, հարկավոր չէ մի քանի տասնամյակ խաղացած ներկայացումը որակել հնացած եւ դուրս շպրտել խաղացանկից: Փաստենք, որ Մարիինյան թատրոնում Յակոբսոնի «Սպարտակը» շուրջ 5 տասնամյակ հետո վերականգնել էին»:
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ Մարիինյան թատրոնում «Սպարտակի»՝ Կարեն Դուրգարյան դիրիժորի մեկնաբանության մասին: «Նա խորացած էր խաչատրյանական երաժշտության մեջ, միեւնույն ժամանակ իր էմոցիաները փոխանցում էր բեմ՝ պարողներին: Անձամբ «Սպարտակի» բազում ներկայացումներ եմ դիտել, նաեւ DVD-ով, բայց ինձ համար ուրիշ է Դուրգարյանի մոտեցումը»,- ասաց Ժակլին Սարխոշյանը: Նաեւ հավելեց, որ դուրգարյանական «Սպարտակը» երեք օր շարունակ լեփ-լեցուն դահլիճ է ունեցել:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ժակլին Սարխոշյանը՝ Ֆրիգիայի կերպարում («Սպարտակ»):
«Առավոտ» օրաթերթ
20.08.2014
Ցավում եմ, որ իմ սիրելի պարուհին դասական բալետը չի դիտարկում որպես թատրոն: Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմայստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։ Հետևաբար, բալետը, լինի դասական թե ժամանակակից, հագեցած բուռն թատերայնությամբ թե դիտարկված ժամանակակից պարային թատրոնի դիրքերից՝ թատրոն է: ՊԱՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆ…