Մալաթիայի շուկայում փակցված այս հայտարարությունը, ինչպես պարզվեց, եզակի չէ, բայց յուրօրինակ է: Նշված հեռախոսահամարներով զրույցից հայտնի դարձավ, որ «կիլոյով թերթի» սպառողները ավտովերանորոգման կետերի աշխատակիցներն ու գյուղացիներն են: Դրանք վերադարձի ենթակա թերթերն են, որոնք օգտագործվում են փաթեթավորման նպատակով: Մեզ հետ զրուցած երիտասարդից չհետաքրքրվեցինք իր «բիզնեսի» մանրամասներից, էթիկապես ճիշտ չէր: Բայց նա ասաց, որ ընդհանուր առմամբ, դժգոհ չէ: Բնավ զարմանալի չի լինի, որ մասնագիտական վերլուծությամբ պարզվի` այդ երիտասարդն ավելի շատ օգուտ է ստանում թերթերի երկրորդային վաճառքից, քան թերթ արտադրողները: Ի դեպ, մեր զրուցակիցը բավականին տեղեկացված էր հայաստանյան թերթերի վերադարձի քանակներից:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.08.2014