«Կանազի» հոսպիտալի գործով շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Նալբանդյանը պնդում է, որ նախորդ տարվա նոյեմբերի երկուսին տեղի ունեցած դեպքերի կարեւոր հանգամանքները չեն բացահայտվել՝ գործով տուժողների նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասությունների պատճառով:
«Ավելին այս մասով չեմ ընդարձակվի, որովհետեւ այս մասով հետագայում ասելիք ունեմ դատարանում: Այս պահին բավականին շատ մտահոգություններ ունեմ գործի ընթացքից, որոնց մասին կրկին հիմա չեմ ցանկանում խոսել»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորում տուժողների ցուցմունքների հակասությունները, պարոն Նալբանդյանը կարճ ձևակերպեց` հնարում են. «Եթե մի բան տեսել են, պատկերացրել ու հասկացել, դա անընդհատ կասվի: Ասվում են ոչ օբյեկտիվ բաներ, որոնք առաջացնում են հակասություններ: Եթե փաստական հանգամանքները հնարվում են, ապա մի անգամ մի ձեւով, մեկ այլ անգամ մի այլ ձեւով կներկայացվի»:
Հարցին, թե դուք է՞լ եք կարծում, որ հոսպիտալի բուժանձնակազմն է հրահրել ու ծեծել տղաներին, պարոն Նալբանդյանն ասաց, որ համոզված է, որ բուժանձնակազմն է առիթը եղել. «Եթե գործ ունեն հոգեբուժական բաժանմունքի հիվանդների հետ, նրանց մոտեցումը պետք է այլ լիներ, քան եղել է իրականում»:
Հիշեցնենք, որ «Կանազի» հոսպիտալում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Իսկ զինվորները պնդում են, որ հոսպիտալի բժիշկներն են իրենց վրա հարձակվել ու ծեծել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ