Aravot.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց գյումրեցի ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը: «Իմ խորին համոզմամբ, աշխարհի հզոր տերությունները` լինի դա Արևմուտքը, Եվրոպան, Ռուսաստանը շահագրգռված չեն, որպեսզի այս իրավիճակում, երբ որ ամբողջ աշխարհում կան լակոնիկ պատերազմներ, ևս մի պատերազմական իրավիճակ սկսվի Կովկասում: Ադրբեջանն էլ էսօր պատրաստ չէ պատերազմի, որովհետև ինչ որ կատարվում է Հայաստանում, նույն բանը կատարվում է Ադրբեջանում, այսինքն էնտեղ էլ ժողովուրդը չի ուզում պատերազմ, ընդդիմությունը պայքարում է իշխանության դեմ, հետևաբար և հնարավոր չէ, որ Ադրբեջանը հանկարծ փորձի լայնամասշտաբ գործողություններ սկսել, մանավանդ որ էդ դեպքում ստիպված կլինի ամբողջ աշխարհի հետ գործ ունենալ»:
Ազատամարտիկը միևնույն ժամանակ իր պարտք է համարում հիշեցնել Հայաստանի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին, որ եթե , Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այն իր որակներով տարբեր կլինի 1980-90-ական թվականների պատերազմից: «Ի տարբերություն 89-90 թվականների մարտական գործողությունների, որի ընթացքում ազատագրվեց Արցախը, և պատերազմը սկսվեց որսորդական հրացաններով, ժամանակակից պատերազմը, Աստված մի արասցե, եթե սկսվի, կարող է սկսվել տանկերից, հրետանուց և ավարտվի հրթիռներով: Պատերազմը դա տնտեսություն է, իսկ ժամանակակից պատերազմում կհաղթի այն երկիրը, ում տնտեսությունը հզոր է, քանի որ տանկերի համար սալյարկա է պետք, զինվորի համար սնունդ ու հաց է պետք և այլն, արդյոք Հայաստանը էսօր պատրա՞ստ է, իր հզոր տնտեսությունը ունի, որպեսզի սկսենք լայնամասշտաբ պատերազմ, մի կողմ թողնենք ով կգնա, ով չի գնա: Պատերազմը նաև քաղաքականություն է, պատերազմը նաև դիվանագիտություն է, այսինքն` եթե բանակը կարող է ռազմաճակատում հաջողությունների հասնել, և Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը կարող է տանուլ տալ, վերջին հաշվով մենք կարող ենք ճակատամարտը հաղթել, բայց պատերազմը տանուլ տալ, ինձ թվում է, որ սրա այս մասին պետք է մտածել: Բացի դրանից, պատերազմը դա ժողովրդի համախմբում է իշխանությունների հետ, եթե մեզ ինչ-որ պետություն պարտադրում է պատերազմ, ապա առաջին հերթին եկեք մտածենք, թե դրանից առաջ մեր դիվանագիտական կորպուսը ինչո՞վ էր զբաղված, ինչո՞ւ թույլ տվեց, որ առաջին գծի զինվորը զոհվի:
Ցավոք սրտի ոչ մեկը էս հարցը չի տալիս, թե հարգելի Սերժ Սարգսյան, հարգելի Էդվարդ Նալբանդյան ինչո՞ւ հասցրեցիք էս աստիճանի, այլ բոլորը, չգիտեմ՝ ժողովուրդ ասեմ, թե չէ, ասում են` մեր առաջին սահմանին կանգնած զինվորը էս արեց, էն արեց, քաջություն արեց… Փառք ու պատիվ, մեր զինվորը քաջ զինվոր է, մեր զինվորը արյան գնով էլ կպահի մեր երկիրը, բայց ինչի՞ համար հասցրեցին էս աստիճանի, դա հանցավոր դիվանագիտության հետևանք է, հատկապես հուլիսի 15-ից հետո ադրբեջանցիները ակտիվացան Իտալիայում ինչ-որ պայմանագիր ստորագրելուց հետո, և ոչ մեկը էդ հարցը չի տալիս, թե Ադրբեջանի հետ էդ ի՞նչ պայմանագիր ստորագրվեց, որի պատճառով ադրբեջանցիները ակտիվացան»:
Ըստ Գևորգ Ալիխանյանի, պատերազմի վտանգը չպիտի օգտագործվի ժողովրդին վախի մեջ պահելու ու լռեցնելու համար, ինչպես որ իրենց թույլ են տալիս անելու իշխանական օղակները:
Կարդացեք նաև
Ի դեպ, ազատամարտիկը շեշտում է, որ ժողովուրդը բանակի հետ միաբան է, պարզապես չի միավորվում Սերժ Սարգսյանի հետ: «Թող Սերժ Սարգսյանը չփորձի իր ելույթներով սեպ մտցնել ժողովրդի և բանակի մեջ, ինչպե՞ս կարող է հայրը իր որդուն դեմ լինել, մեր երեխաներն են չէ՞, հեռուստատեսությամբ խաբուսիկ հայտարարություններով փորձում են սեպ մտցնել, թե հայ ժողովուրդ, դուք բանակի հետ չունեք, բայց բանակը մենք ենք ստեղծել, ո՞նց չունենք, էդ ի՞նչ ես խոսում», -ասում է ազատամարտիկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ