«Մարդիկ ամռանը հանգստանում են, իսկ աշնանն ակտիվորեն այցելում բժշկի՝ ամռան հանգստի «պտուղները» վերացնելու»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Իսկ այդ «պտուղները» զանազան սեռավարակներն են, սնկային հիվանդությունները և այլն, որոնք, ըստ բժիշկ-սեքսապաթոլոգի, հանգստի ոչ գրագետ կազմակերպման արդյունք են: Ահա այդ պատճառով էլ հատկապես ամռանն է տուժում և վտանգվում սեռական առողջությունը. «Հանգստավայրերում մարդիկ հաճախ պատահական սեռական հարաբերություններ են ունենում՝ մոռանալով սեռավարակների ու դրանցից պաշտպանվելու մասին: Իրենց հանգիստն անցկացնելուց հետո վերադառնում են՝ առանց որևէ կասկածի ու գանգատի: Բնականաբար, չեն ստուգվում, բժշկական հետազոտություն չեն անցնում, հաճախ նույնիսկ մոռանում են, որ ունեցել են պատահական սեռական հարաբերություններ, և հենց այդտեղից էլ սկսվում են հետագա բարդությունները»,- ասում է Վ. Շահրամանյանը:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սեռավարակներն իրենց զգացնել են տալիս հատկապես աշնանը, երբ օրգանիզմի դիմադրողականությունը թույլ է, ամռանը, որպես կանոն, ոչինչ չի նկատվում, որովհետև դիմադրողականությունը բարձր է. «Դա հաճախ պայմանավորված է նաև նրանով, որ որոշ սեռավարակներ ունեն գաղտնի շրջան,- ասում է նա,- ոչ բոլոր սեռավարակներն են միանգամից գլուխ բարձրացնում և ոչ բոլոր սեռավարակներն են դրսևորվում համապատասխան գանգատներով: Շատ դեպքերում դրանք ընթանում են առանց ախտանիշների»:
Դրա համար էլ բժիշկ-սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս տարվա մեջ գոնե մեկ անգամ բուժզննում անցնել և օրգանիզմում որևէ կասկածելի բան հայտնաբերելիս միանգամից դիմել բժշկի. «Հաճախ հերթը բժշկին չի հասնում. դիմում են համացանցի օգնությանը, հարևանի, ընկերոջ, դեղատան աշխատողի խորհրդին՝ ով ինչ մեթոդներ գիտի: Արդյունքում՝ շատերի մոտ այդ սեռավարակները չեն հայտնաբերվում, չեն բուժվում՝ հաճախ հանգեցնելով անպտղության»,- ասում է Վ. Շահրամանյանը:
Կարդացեք նաև
Բժիշկ-սեքսապաթոլոգի խոսքով՝ սեռական առողջությունը վտանգվում է ոչ միայն սեռավարակների ու սեռական անփույթ վարքագծի, այլև ալկոհոլի, անորակ սննդի չարաշահման պատճառով. «Ընդհանուր առմամբ, նաև այս գործոններով պայմանավորված՝ տղամարդկանց մոտ նվազում է սեռական կարողությունը, իսկ կանանց մոտ՝ սեռական ցանկությունը»,- ասում է Վ. Շահրամանյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ