ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր պաշտոնավարման 100-րդ օրը լրանալու կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսն անցկացրեց գործնական մթնոլորտում:
Եռամսյակի ընթացքում իր ղեկավարած ոլորտում կատարված աշխատանքների տեղեկագրությունը նախապես բաժանվել էր լրագրողներին այն նպատակով, որպեսզի վերջիններս նախապես ծանոթանալով ավելի շատ ու կոնկրետ հարցեր ուղղեին իրեն: Իսկ մինչ այդ, Գաբրիել Ղազարյանն առանձնացրեց կատարված եւ կատարվելիք աշխատանքների այն գլխավոր ուղղությունները, որոնք ինքը համարում է առանցքային եւ արդեն զբաղվում է դրանց իրագործմամբ:
«Առաջնահերթ ուզում եմ առանձնացնել հասարակության մեջ ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի դերն ու ակտիվ քարոզելու անհրաժեշտությունը, որից բխում են արդեն կոնկրետ գործունեության ծրագրերը: Այս առումով հակիրճ բերեմ ընդամենը մեկ օրինակ: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ մենք շաբաթը մեկ կամ երկու անգամ Ազատության հրապարակում հանրությանը ներկայացնելու ենք որեւէ մարզաձեւ, որպեսզի թե ծնողները, թե երեխաները պատկերացում կազմեն դրանց մասին եւ կողմնորոշվել-ընտրություն կատարելու հնարավորություն ունենան:
Մեզ ամենաշատը հուզող հարցերի շարքում առաջնային են հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման եւ նախադպրոցական հաստատություններում մանուկների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման խնդիրները: Առանց իմ ասելու էլ բոլորդ գիտեք, որ հանրակրթական դպրոցների մեծ մասում ֆիզիկական կուլտուրա առարկայի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, անլուրջ է: Մենք ԿԳՆ-ի հետ արդեն պայմանավորվել ենք` ստեղծել մի հանձնաժողով կամ հանձնախումբ, անվանումը կարեւոր չէ, որն զբաղվելու է այդ խնդրի ամենալուրջ ու մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Իմ համոզմամբ, դպրոցահասակ, առավել եւս` մանկապարտեզային տարիքի երեխաների մեջ պարտադիր պետք է ներարկվի այն գաղափարը, որ ֆիզիկական կուլտուրան պարտադիր է նրանց կյանքում: Սա շատ լուրջ հարց է, որը առնչվում է մեր երեխաների առողջությանը ու վերաբերվում է բոլորիս: Նախարարությունը սկսել է ուշադրության կենտրոնում պահել իր ենթակայությամբ գործող մարզադպրոցների աշխատանքը: Դրա համար ՄԴ-ներին կից ստեղծվում են խորհուրդներ, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն կոլեգիալ, այլ ոչ թե մեկ մարդու, ասենք, տնօրենի ցանկությամբ ու միանձնյա որոշմամբ: Սա, վստահ եմ, կնպաստի մարզադպրոցների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը», – ասաց Գաբրիել Ղազարյանը:
Կարդացեք նաև
Նախարարը կարեւորում է նաեւ ազգային մարզաձեւերը (կոխ, տամա եւ այլն) կյանք վերադարձնելու, տարածելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը հանրապետության ողջ տարածքում` դրա համար հիմք դարձնելով առաջին հերթին մարզադպրոցները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ