Նախորդ տարի ՊՆ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում տեղի ունեցած դեպքով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մարկոսյանի մայրը՝ Նաիրա Պոստոլակյանը պնդում է, որ հոսպիտալի աշխատակիցները իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են պատմել հարցաքննության ժամանակ:
Տիկին Պոստոլակյանի պատմելով, այսօր Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով տուժող բժիշկ Արմեն Հովսեփյանն անձամբ է ծեծել իր որդուն ու հասցրել մարմնական տարբեր վնասվածքներ:
«Նա լրիվ հերքել է ճիշտը, քանի որ մենք ունենք լավ ապացույց` լուսանկարներ եւ Մուրացանի հիվանդանոցից եկած փորձագիտական եզրակացությունները: Նա կարող է մահանար, եթե շուտ չհասցնեին Մուրացանի հիվանդանոց»,- ասաց Դավիթի մայրը:
Հետո պնդեց, որ ընկնելուց նման վնասվածքներ չէր ստանա որդին, ինչպես իր ցուցմունքներում պնդում է հոսպիտալի բժիշկը:
Մեղադրյալ Ռազմիկ Մանուկյանի մայրն էլ` Աննա Կարապետյանը պատմեց, որ դեպքի մասին որդին իրեն տեղեկություններ չի տրամադրում` հաշվի առնելով, իր հիվանդությունը: Հետո ասաց, որ իրենք լուրջ կասկածներ ունեն, որ բժիշկներն են դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ մտել հիվանդասենյակ ու ծեծել հիվանդներին: Նրա խոսքով, ծնողներից ոչ մեկը ալկոհոլ խմիչք չէր կարողանա ուղարկել հոսպիտալ, քանի որ իրենց ուղարկած իրերը ներքեւում ստուգվում են, հետո տրամադրվում զինվորներին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս դեպքով քրեական գործ է հարուցվել նախորդ տարի նոյեմբերի 2-ին «Կանազի» հոսպիտալում տեղի ունեցած միջադեպից հետո: ըստ պաշտոնական տեղեկատվության,նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ